Ամանորի խորհրդանիշ տոնածառը Թբիլիսիի կենտրոնից հնարավոր է տեղափոխվի՝ «Հայրերը՝ հանուն արդարության» բողոքի ակցիայի պատճառով:
Թբիլիսիի քաղաքապետարանն առաջիկայում կհայտնի, թե որտեղ են նախատեսում տեղադրել տոնածառն այս տարի: Ծառը Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի դիմաց էր տեղադրվում՝ ավանդաբար յուրաքանչյուր տարի: Այստեղ այս պահին բողոքի ակցիա իրականացնող հայրերի վրաններն են, ուր արդեն մի քանի ամիս է ապրում են Զազա Սարալիձեն և Թեմիրլան Մաչալիկաշվիլին, ովքեր պահանջում են պատժել իրենց որդիներին սպանողներին:
Նոյեմբերի 9-ին Թբիլիսիի քաղաքապետարանը նամակ-խնդրանքով դիմել էր ցուցարաներին՝ ակցիան այլ վայր տեղափոխելու համար, ինչն առաջացրել էր Թբիլիսիի բնակիչների զայրույթը: Համացանցում ստորագրահավաք էր սկսվել՝ «Հրաժարվում եմ տոնածառից, ընտրում եմ մարդուն» կարգախոսով, որն արդեն ստորագրել է ավելի քան 10 հազար մարդ: Քաղաքապետարանից ասել են, որ տոնածառն անպայման տեղադրվելու է, քանի որ դրանից է նաև կախված՝ որտեղ կիրականացվեն տոնական միջոցառումները, իսկ շատ քաղաքացիներ անհամբեր սպասում են այդ օրերին:
Զուգահեռ ընթացքի մեջ են նաև քաղաքի ամանորյա ձևավորման աշխատանքները, դրանք կավարտվեն դեկտեմբերի 14-ին։ Հիշեցնենք՝ տոնական լուսավորության վրա այս տարի քաղաքային բյուջեից 2 մլն. լարի է տրամադրվել, սա մոտ 775 հազար դոլար է: