Թբիլիսիի թաղամասերից մեկի բազմահարկում «կայանած» սովետական ժիգուլին վաղուց դարձել էր քաղաքի տեսարժան վայրերից մեկը: Դիղոմիի շենքերից մեկի 4-րդ հարկում մեքենան հայտնվել էր ավելի քան քառորդ դար առաջ:
Օրերս Ժիգուլին իջեցրել են: Այս պատմության հետևում թաքնված էր մի մարդու երազանք, որն այդպես էլ իրականություն չդարձավ: Իսկ իմանալ, թե ինչպես է ВАЗ-2106-ը չորրորդ հարկ հասել, դժվար չէ: Այս մասին կպատմի Դիղոմի թաղամասի յուրաքանչյուր բնակիչ: Ժամանակին այս մեքենայի մասին ռեպորտաժներ են պատրաստել հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ՝ BBC, CNN, Euronews և այլն:
1991-ին թբիլիսաբնակ Ռեզո Էնուկիձեն ձեռք է բերել նոր ВАЗ-2106, որի մասին ամբողջ կյանքում երազել էր: Բայց մեքենան վարել այդպես էլ չէր ստացվել: Հենց առաջին գիշերը անհայտ անձինք գողացել էին մեքենայի անիվները: Մեքենայի սեփականատերն այնքան էր վիրավորվել և հիասթափվել, որ վերամբարձ կռունկի օգնությամբ մեքենան բարձրացրել էր իր բնակարանի պատշգամբ: Նա հարևաններին ասել էր, որ մեքենան այնտեղ կմնա մինչև լավ ժամանակներ, այս տարիների ընթացքում պարբերաբար լվանում էր, մաքրում, նոր անիվներ այդպես էլ չէր տեղադրել:
Հայտնի մեքենայի անհայտ տերը չէր սիրում շփվել լրագրողների հետ, ասում էր, որ ինքը սա արել է ոչ թե աշխարհին հայտնելու, այլ երազանքը պահելու համար: Մեկ տարի առաջ Էնուկիձեն մահացել է՝ այդպես էլ չիրականացնելով իր երազանքը: Օրեր առաջ համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են Ժիգուլին իջեցնում 4-րդ հարկից: Սոցիալական ցանցերում և տեղի բնակիչների շրջանում ենթադրություններ կան, որ ընտանիքի անդամները որոշել են փաստացի առանց վազքի մեքենան վաճառել: