Նախօրեին Փոկա գյուղում սպանվածի դին տուն վերադարձնելուց հետո գյուղի բնակիչները վրեժխնդիր են եղել՝ այրելով սպանության մեջ մեղադրվողի 2 տունն ու 4 ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացնում է nor.ge-ն: Տեսանյութը ներկայացնում ենք ստորև:
Սպանությունը Փոկայում տեղի է ունեցել վրեժխնդրության հողի վրա, այս մասին հայտարարում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, գյուղացիները դա չեն ժխտում, սակայն չեն ցանկանում խոսել մանրամասների մասին:
Jnews.ge-ի մեր գործընկերները շրջել են գյուղում ու նշում են, որ այսօր արդեն գյուղացիները զբաղված են իրենց առօրյա գործերով, անգամ դեպքի վայրի մոտակայքում շինարարություն է ընթանում: Սակայն որևէ մեկը չի ցանկացել խոսել կատարվածի մասին՝ միայն նշելով, թե չեն լսել կրակոցի ձայնը։ Գյուղի բնակիչներից մի կին նշել է, որ սպանվածն ամուսնացած չէր, իսկ ձերբակալվածն ամուսնացած է և ընտանիք ունի: Նրա խոսքերով, երիտասարդների միջև տեղի ունեցած ընդհարումն առաջացել է մի քանի ամիս առաջ, փողի պատճառով, նույնիսկ նախկինում դանակահարություն է եղել: Երկուսն էլ Փոկա գյուղից են:
Նախօրեին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի կենտրոնում համագյուղացու հրազենային կրակոցից սպանվել է 1985 թ. ծնված Խ.Տ.-ն: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը թարմ հետքերով ձերբակալել է 1986-ին ծնված Գ.Մ.-ին՝ հրազենով մարդասպանություն կատարելու մեղադրանքով: Ձերբակալվածն ընդունել է մեղադրանքը:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով՝ «կանխամտածված սպանություն», որը ենթադրում 7-15 տարվա ազատազրկում։