Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխանության աջակցությունն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների 59.52 տոկոսի աջակցությունը: Այսպիսով Զուրաբիշվիլին կդառնա տարածաշրջանի առաջին ընտրված կին նախագահը:
Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականին Ֆրանսիայում՝1921 թվականին Վրաստանը ստիպված լքած քաղաքական էմիգրատների ընտանիքում: Նրա պապը՝ գրականագետ ու թարգմանիչ Իվանե Զուրաբիշվիլին, 1918-1921թթ. ակտիվ քաղաքականության մեջ է եղել և 1921-ին, երբ Կարմիր բանակը մտել է Վրաստան, ստիպված է եղել ողջ կառավարության հետ լքել երկիրը:
Զուրաբիշվիլիի մորական պապը՝ Մելքիսեդեկ Կեդիան նույնպես ազգային-ժողովրդավարական կուսակցության անդամ է եղել: Աշխատել է առաջին հանրապետության անվտանգության ծառայությունում: Սալոմեի հայրը՝ Լևան Զուրաբիշվիլին, Փարիզում տարիներ շարունակ ղեկավարել է վրացական համայնքը:
Սալոմե Զուրաբիշվիլին ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանը, Փարիզի պետական կառավարման Ազգային դպրոցը: Սովորել է նաև ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում: Երկար տարիներ աշխատել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունում: Նա հանդիսացել է Հռոմում Ֆրանսիայի դեսպանատան երրորդ քարտուղար: 1977-1980 թվականներին եղել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար: 1980-1984 թվականներին աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության վերլուծությունների և կանխատեսումների կենտրոնում, 1984-1998 թթ. եղել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջին քարտուղարը: Հանդիսացել է նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի գլխավոր տեսուչ, նախարարի խորհրդական:
2003-2004 թվականներին եղել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան: Վարդերի հեղափոխությունից հետո նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար: 2010 թվականից հանդիսանում է ՄԱԿ-ի անվտանության խորհրդի պատժամիջոցների կոմիտեի Իրանի հարցերով փորձագետների խմբի ղեկավար: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին Զուրաբիշվիլին որպես անկախ թեկնածու մեծամասնական ընտրահամակարգով պատգամավոր է ընտրվել Թբիլիսիի Մթածմինդա թաղամասից: Պատգամավորության ընթացքում Զուրաբիշվիլիի արված գրեթե բոլոր հայտարարություններն ու նախաձեռնություններն իշխող կուսակցության տեսակետին համանման են եղել:
Թեև այս ընտրություններում պայքարը ընթանում էր Սաակաշվիլիի կուսակցության և իշխանության աջակցությունն ունեցող թեկնածուի միջև, պետք է հիշել, որ` թե՛ Գրիգոլ Վաշաձեն, և թե՛ Սալոմե Զուրաբիշվիլին Սաակաշվիլիի կառավարման տարիներին զբաղեցրել են արտգործնախարարի պաշտոնը:
Զուրաբիշվիլին երկու անգամ է ամուսնացել: Նրա առաջին ամուսինը ծնունդով Իրանից Գորջեստան Գուգուշվիլին է եղել, որի հետ երկու երեխա ունեն՝ լրագրող Քեթևանն ու դիվանագետ Թեմուր Գուգուշվիլիները: Երկրորդ անգամ ամուսնացել է լրագրող Ջանրի Կաշիայեի հետ, ով մահացել է 2012 թվականին:
Զուրաբիշվիլին Վրաստանում Ֆրանսիայի դեսպան է հանդիսացել: Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով նա հրաժարվել է դեսպանի պաշտոնից և ղեկավարել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Մոտ մեկ տարի անց նա հեռացել է պաշտոնից և անցել ընդդիմություն: 2007 թվականին Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով ցույցերի անկյունաքարային դեմքերից է եղել: Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ: