2018 թ․ Վրաստանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլին մոնիթորինգ է իրականացնում «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը: «Բազմազգ Վրաստանը» 234 կարճաժամկետ՝ այդ թվում ստատիկ, շրջիկ, ընտրատարածքային և կենտրոնական հանձնաժողովի դիտորդներ է ուղարկել 6՝ Մառնեուլիի, Գարդբանիի, Ախալցիխեի, Ախալքալաքիի, Նինոծմինդայի և Իսանիի ընտրատարածքներ: Ծրագիրը հիմնականում կենտրոնացած է էթնիկն փոքրամասնությունների վրա:
Կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդրա Կալատոզիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում անդրադարձավ ժամը 14:00-ի դրությամբ արձանագրված միջադեպերին:
«Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել է 28 միջադեպ, ընդունվել է 2 բողոք, որոնցից 1-ն անցել է համապատասխան ընրատարածքային հանձնաժողով և բողոքը բավարարվել է: Ինչ վերաբերում է բովանդակային կողմին, բացահայտված միջադեպերի բնույթին, տենդենց կա, որ ավելի շատ արձանագրվել են քվեարկության ընթացակարգային խախտումներ: Մինչև 10 նման դեպք է արձանագրված տարբեր ընտրատարածքներում: Այսպիսի դեպքերի մեծ մասը բնորոշ է Քվեմո Քարթլիին: Բացի այս, մի քանի խախտում է եղել, որոնք պարբերական բնույթ չեն կրել, չնայած իրենց էությամբ յուրահատուկ խախտումներ են եղել, այսինքն ընթացակարգային չեն: Դրանք հիմնականում ուղղված են եղել մեր կազմակերպության դիտորդի նկատմամբ ճնշում գործադրելուն և նրա աշխատանքի խոչընդոտմանը: Մեկ ընտրատեղամասից առանց որևէ իրավական հիմքի վտարել են մեր դիտորդներից մեկին»,- մեզ հետ զրույցում նշեց Ալեքսանդրա Կալատոզիշվիլին: