Իվանիշվիլին խոստանում է օգտագործել բոլոր հնարավորությունները Սահակաշվիլիի թիմի վերադարձը կանխելու համար
Ինչպես հաղորդում է «newsgeorgia» լրատվական կայքը, Վրաստանի նախկին վարչապետ միլլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խոստանում է օգտագործել իր բոլոր հնարավորությունները, որպեսզի թույլ չտա Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության վերադարձը իշխանության:
«Ստի մեքենան տարատեսակ բանսարկություններ է տարածում ներկայում երկրում ընթացող գործընթացների և անձամբ իմ մասին: Պատճառն այն է, որ ես հսկայական ներդրում եմ ունեցել իրենց պարտության գործում: Իմ ներկայությունն անհանգստացնում է նրանց, քանի որ ես իշխանությունը վերադարձնելու նրանց պլանների համար լուրջ խոչընդոտ եմ հանդիսանում: Այս հարցում նրանք իսկապես չեն սխալվում: Ես անպայման կօգտագործեմ իմ ամբողջ ներուժը, որպեսզի նրանք չկարողանան ժամանակը հետ շրջել և երկիրն իրենց սադիստական փորձարկումների համար լաբորատորիայի վերածել», — ասվում է Իվանիշվիլիի հրապարակած բաց նամակում:
Ընդ որում, նախկին վարչապետն ընդգծում է, որ ինքն անձամբ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված պլաններ ու նպատակներ չունի:
«Ես չեմ պայքարում իշխանության գալու համար. ես դա արդեն ապացուցել եմ, ինձ չի կարող գրավել որևէ պաշտոն, ես չունեմ որևէ նյութական ակնկալիք… Եվս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ ես Վրաստանում որևէ բիզնես հետաքրքրություն չունեմ: Բոլոր այն ծրագրերը, որ ես իրականացնում եմ, ծառայում են նրան, որ մեր երկիրը ներդրողների համար ավելի ապահով ու հետաքրքիր դառնա, իսկ զբոսաշրջիկների համար` ավելի գրավիչ»,- գրում է Իվանիշվիլին:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Վրաստանում իննը տարի շարունակ գտնվում էր իշխանության ղեկին: 2012 թ.-ի ընտրություններից հետո իշխանության եկավ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» կոալիցիան: Այն խորհրդարանում մեծամասնություն ստացավ և կառավարություն ձևավորեց: Իվանիշվիլին մեկ տարի զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, որից հետո հրաժարական տվեց` հայտարարելով, որ «իր հիմնական խնդիրը լուծված է»:
Միևնույն ժամանակ ընդդիմությունը Վրաստանում շարունակաբար հայտարարում է, որ Իվանիշվիլին, չնայած քաղաքականությունից ձևականորեն հեռանալուն, շարունակում է ղեկավարել երկիրը հետնաբեմից և երկրի համար կարևոր բոլոր որոշումները, քաղաքական կուրսից սկսած և Կառավարության առանցքային պաշտոնների նշանակմամբ վերջացրած, կայացվում են նրա անմիջական մասնակցությամբ: