«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» խոսում է ընտրախախտումների մասին

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դիտորդության առաջին արդյունքներն է հրապարակել.

«Ժամը 10:00-ի դրությամբ, քվեարկության գործընթացը հիմնականում խաղաղ միջավայրում է ընթանում, սակայն, արդեն իսկ կան խախտումներ»:

Մասնավորապես, ՀԿ-ի կողմից քվեարկության գաղտնիության խախտման 7 դեպք է արձանագրվել (Կախեթում՝ 5, Ախալքալաքիում՝ 2)․ քվեարկության խցիկից դուրս եկած ընտրողն իր կատարած ընտրությունը ցույց է տվել դիտորդներին, կազմակերպությունների ներկայացուցիչներին կամ հանձնաժողովի անդամներին:

Գուրջաանիի ընտրատարածքում ընտրողին հանձնարարել են քվեարկության խցիկից քվեաթերթիկը բաց վիճակում դուրս բերել, որպեսզի կոնկրետ անձինք տեսնեն կատարած ընտրությունը:

Ուշացմամբ է բացվել Ախալքալաքիի թիվ 69 ընտրատեղամասը, քանի որ ժամը 07:00-ի դրությամբ հանձնաժողովի անդամներից ներկա են եղել ընդամենը 4-ը: Ընտրատարածքը բացվել է 07:50-ին:

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացնում Թբիլիսիում և 9 շրջաններում՝ Կախեթիում, Մցխեթա-Մթիանեթիում, Քվմո Քարթլիում, Շիդա Քարթլիում, Սամցխե-Ջավախեթիում, Սամեգրելո- Զեմո Սվանեթիում, Գուրիայում, Իմերեթիում և Աջարիայում: