Թբիլիսիի վերաքննիչ դատարանն այսպես կոչված «Լուսանկարիչների» գործով որոշում է կայացրել, որի համաձայն, նախկինում լրտեսության համար դատապարտված անձանց անմեղ է ճանաչել:
Դատախազությունը լուսանկարիչներ Գիորգի Աբալաձեի, Զուրաբ Քուրցիկիձեի, Իրակլի և Նաթելա Գեդենիձեների հանդեպ կայացրած որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկել է 2017 թվականին: Գերատեսչությունը նոր հանգամանքների պատճառով, պահանջում էր արդարացնել վերոնշյալ անձանց:
Վերաքննիչ դատարանի նիստին ներկա է եղել նաև «Վրացական երազանք»-ի աջակցությունն ունեցող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք, որ 2011 թվականին ձերբակալված, այնուհետև ազատ արձակված լուսանկարիչները մեղադրվում էին լրտեսության մեջ: Այն ժամանակ ընդդիմությունը և հետագայում արդեն իշխող «Վրացական երազանք»-ը պնդում էին, որ լուսանկարիչներին ձերբակալել են, քանի որ նրանք ակտիվորեն լուսաբանել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ 2011 թվականի մայիսի 26-ին անցկացված ցույցը: