Թբիլիսիի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա իրականացված հարձակման գործով:
Նշված որոշումը կայացրել է Վերաքննիչ դատարանի դատավոր Գերոնի Կախեթելիձեն:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ դատախազ Արիլ Տկղեշելաշվիլին հայտարարել է, որ իրենց պահանջը՝ Սաակաշվիլիի պատիժը ավելացնելու վերաբերյալ, դատարանը չի բավարարել:
«Թբիլիսիի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած որոշումը: Հիշեցնեմ, որ նշված գործը վերաբերում է խորհրդարանի անդամ Վալերի Գելաշվիլիի վրա իրականացված հարձակմանը, որը կազմակերպել է Միխեիլ Սաակաշվիլին, պատճառաբանությունը անձնական վրեժն է եղել:
Նշված գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Մենք գտնում ենք, որ նշված պատիժը Միխեիլ Սաակաշվիլիի համար թեթև է, քանի որ հանցագործությունն իրականացվել է ծանրացուցիչ հանգամանքներում: Նշված հանցագործությանը ներգրավված են եղել իրավապահ համակարգը, հատուկ ջոկատայիններ: Այդ պատճառով պահանջում էինք պատիժն ավելացնել: Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չկիսեց մեր պահանջները և ուժի մեջ թողեց 6-ամյա ազատազրկումը»,- հայտարարել է Տկղեշելաշվիլին: