Նոյեմբերի 21-ին Բրյուսելում տեղի կունենա Վրաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի անդամների մասնակցությամբ բարձր մակարդակի առաջին հանդիպումը: Վրաստանի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում ասված է, որ հանդիպումը վրացական կողմից կղեկավարի վարչապետը, Եվրամիության կողմից՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Հանդիպման օրակարգում են տնտեսության, առևտրի և հաղորդակցության, կրթության ու գիտության, մշակույթի ու նորարարությունների, ինչպես նաև արդարադատության, ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության ոլորտները:
Հատկանշական է, որ հանդիպման շրջանակներում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնցից մեկը ենթադրում է 231 մլն եվրոյի չափով Վրաստանին օգնություն:
Վարչապետի գլխավորած պատվիրակության Բրյուսել կատարած այցի շրջանակներում ծրագրված են բարձր մակարդակի առանձնազրույցներ, ինչպես նաև ընդլայնված ձևաչափով հանդիպումներ:
Կառավարության ղեկավարը մինչ Բրյուսել մեկնելը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ եվրոպական կառույցներին այսքան մոտ լինելը պատմական հնարավորություն է։