Թբիլիսիում տեղի ունեցած «Tbilisi Open Air 2016» երաժշտական եռօրյա փառատոնի ընթացքում չորս բեմահարթակներից ներկայացել է ավելի քան 60 երաժիշտ՝ 15 երկրից:
Մասնակիցների թվում էր նաև հայկական «Lelocity» խումբը, որը հիմնականում ներկայանում է այլընտրանքային ռոք ժանրի կատարումներով: «Lelocity» խումբը հանդես է եկել փառատոնի երկրորդ օրը՝ հուլիսի 30-ին:
Խմբի վոկալիստ Լելոն պատմում է՝ «Lelocity» խումբը ունի 4 երաժիշտ, եւ այս կազմով առաջին անգամ հանդես է եկել 2012-ին: Երգացանկի հեղինակները Լելոն և ամուսինն են: Ըստ Լելոյի՝ դժվար է, երբ սեփական ստեղծագործություններն ես ճանաչել տալիս: Այս մի քանի տարվա ընթացքում «Lelocity»-ն արդեն մեկ ալբոմ ունի, նկարահանել է մեկ տեսահոլովակ, երկրորդը` մտադիր են ստեղծել թբիլիսյան ելույթի հիման վրա: Տարածաշրջանի ամենամեծ փառատոններից մեկին մասնակցելու առաջարկը խումբն ընդունել է մեծ ուրախությամբ. «Lelocity»-ն Թբիլիսիում արդեն երկրորդ անգամ էր:
«Ոգևորված եկանք, տպավորությունները շատ լավն են: Չնայած մանր տեխնիկական խնդիրներին` փառատոնի տրամադրությունն ու եղանակը շատ լավն էին, ամեն ինչ հաճելի, մենք էլ գոհ հետ ենք վերադառնում»,- անկեղծանում է խմբի վոկալիստն ու ավելացնում, որ «Lelocity»-ն Երևանում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Ամիսը մեկ անգամ համերգային ծրագրով ներկայանում են լսողին, մասնակցում են նաև տարբեր փառատոնների: Երգացանկը պարբերաբար թարմացվում է: Ընթացքում նոր ստեղծվող երգեր կան, որոնք ևս ներկայացվելու են «Lelocity»-ի ունկնդիրներին:
Լուսանկարը George Gogua-ի