Այսօր «Եվրոպական Վրաստան»-ի շարքերը ողջ կազմով լքել են կուսակցության Աջարիայի շրջանային ղեկավարները: Այս մասին կուսակցության Բաթումիի գրասենյակում հայտարարել է Աջարիայի շրջանային կառույցի ղեկավար Ռաուլ Թավարթքիլաձեն:
Նրա խոսքով, որոշման պատճառը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեի աջակցությունն է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուին:
«Նախագահական ընտրություններում մենք պաշտպանեցինք Դավիթ Բաքրաձեի թեկնածությունը։ Հենց «Եվրոպական Վրաստանի» Աջարիայի շրջանային կազմակերպությունների շնորհիվ կուսակցությունը Աջարիայում ստացավ 15 հազար ձայն: Մեր կողմից Դավիթ Բաքրաձեի աջակցությունը պայմանավորված էր նրա դիվանագիտական փորձով, հավատում էինք, որ նրա հաղթանակը երկրի եվրոպական ընտրությունն է: Երկրորդ փուլում մեզ համար անընդունելի է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեին աջակցելը, այդ պատճառով իմ բոլոր գործընկերների հետ թողնում ենք կուսակցությունը»,- հայտարարել է Ռաուլ Թավարթքիլաձեն: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: