Զեմո Փոնիճալայում բնական գազի պայթյունի հետևնաքով բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերը փլուզվել են. փլատակների մեջ դեռ շարունակվում են անհայտ կորած երեխայի և նրա մոր որոնողական աշխատանքները։
Հայտնի է, որ նրանք ապրում էին փլուզված շենքում վարձակալած բնակարանում: Ընտանիքի հայրը աշխատավայրում է եղել, իսկ մեկ տարեկան երեխան և մայրը՝ տանը:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական խմբեր և շտապ օգնության աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ պատահարի հետևանքով մեկ անչափահաս և երկու մեծահասակ են տուժել: Տուժածներին տեղափոխել են այրվածքաբանական կենտրոն: Նրանց վիճակը կայուն է:
Դեպքի վայրում է գտնվում նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Շենքի բնակիչները տարհանվել են՝ շենքի ամրացման աշխատանքները սկսելու նպատակով: Քաղաքապետարանը և գամգեոբան համատեղ միջոցներով նրանց կապահովեն ժամանակավոր կացարաններով: Խոսքը 26 ընտանիքի մասին է: Ըստ նախնական վարկածի՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։