«Կարոտում եմ Բաթումին, Քոբուլեթին, Խելվաչաուրին, Շուախևին, Խուլոն»,-տեսաուղերձով այսպես է ողջունել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին Բաթումի քաղաքում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մեծամասնական պատգամավորության թեկնածուների ներկայացման միջոցառմանը հավաքված քաղաքացիներին:
Միխեիլ Սահակաշվիլին հիշել է նաև 2004 թվականի մայիսին տեղի ունեցած իրադարձությունները և շնորհակալություն հայտնել բնակչությանը` Աջարիայի ինքնավար հանրապետության այն ժամանակակվա ղեկավար Ասլան Աբաշիձեի պաշտոնաթողությանը աջակցելու համար:
«Միացյալ ազգային շարժման» առաջնորդը հիշել է նաև իր նախագահության ժամանակ Աջարիայի տարածաշրջանում իրականացրած նախագծերը և կոչ արել բնակչությանը` կրկին վստահել իրենց, տարածաշրջանում նորանոր նախագծերի իրականացման համար: Սահակաշվիլիի խոսքերով` նա վստահում է Լևան Վարշալոմիձեին, և վերջինս հանդիսանում է Աջարիայում իր հենակետը:
Տեսաուղերձում Միխեիլ Սահակաշվիլին քննադատել է նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: «Այս չորս տարիների ընթացքում Բիձինա Իվանիշվիլին վատ վերաբերմունք է ցուցաբերել Աջարիայի նկատմամբ, և այդ ամենը արել է հատուկ ինձ զայրացնելու նպատակով»— նշել է նա:
Նշենք, որ «Միացյալ ազգային շարժման» անդամները ներկայացրել են Աջարիայի ինքնավար հանրապետությունում իրենց մեծամասնական պատգամավորության և Աջարիայի Գերագույն խորհրդի անդամության թեկնածուներին: