Վրաստանում այս տարվա դեկտեմբերին կսկսի գործել Սաուդյան Արաբիայի դեսպանությունը: Այդ մասին տեղեկատվությունը տարածում է արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ տեղեկատվության՝ այս մասին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է վրացական կողմին: Նշվում է նաև, որ դեկտեմբերի սկզբին Վրաստան կժամանեն Սաուդյան Արաբիայի դեսպանատան մի խումբ դիվանագետներ:
Վրաստանում Սաուդյան Արաբիայի թագավորության դեսպանատան բացման որոշումը կայացվել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում:
«Հարկ է նշել, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի տարածաշրջանի երկրների, այդ թվում Սաուդյան Արաբիայի թագավորության հետ հարաբերությունների ընդլայնմանը և այդ նպատակով 2014 թ.-ին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում բացվել է Վրաստանի դեսպանատունը, որը զգալիորեն նպաստել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը՝ տնտեսության, գերատեսչությունների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում: Արդեն Վրաստանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը մեկ անգամ ևս հաստատում և ընդգծում է կողմերի պատրաստակամությունը՝ խորացնելու առկա հարաբերությունները», — ասված է հաղորդագրության մեջ: