Մոտ 60 տարեկան Լեյլա Ասանաշվիլին, չնայած ցուրտ եղանակին, պայքարում է արդարության համար: Նա խորհրդարանի շենքի մոտ հաճախ է լինում, աջակցում է Պանկիսիի կիրճում հատուկ գործողությունների ընթացքում զոհված Թեմիրլան Մաչալիկաշիլիի հորը՝ Մալխազ Մաչալիկաշվիլիին և Խորավայի փողոցում սպանված անչափահաս Դավիթ Սարալիձեի հորը՝ Զազա Սարալիձեին: Ասանաշվիլին իր քաղաքացիական պարտքն է համարում դժվար պահին ամեն կերպ աջակցել որդիներին կորցրած հայրերին, ովքեր «արդարություն չկարողացան գտնել, իսկ իշխանությունները նրանց չսատարեցին, չպատժեցին հանցագործներին»:
«Պատժե՛լ Թեմիրլան Մաչալիկաշվիլիին սպանողին». այս հայտարարությամբ իշխանություններին դիմեցին Պանկիսիի կիրճում հատուկ գործողությունների ընթացքում զոհված Մալխազ Մաչալիկաշվիլիի և Զազա Սարալիձեի աջակիցներն ու հարազատները՝ «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր գրասենյակի շենքի հարակից տարածքում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում:
Ակցիայի մասնակիցները կոչ արեցին կուսակցության անդամներին դուրս գալ շենքից: Սպանված Մաչալիկաշվիլիի մայրը, հայրը և տատը ևս ներկա էին: Նրանք պահանջեցին պատժել Սոսո Գոգաշվիլիին, որը պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալն էր և ըստ ցուցարարների՝ Մաչալիկաշվիլին սպանվել է նրա հրամանով:
Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ևս շարունակվում են «Հայրերն արդարության համար» կազմակերպության նախաձեռնած բողոքի ցույցերը: Տարածքում 15 վրան է տեղադրված: Աջակիցները հայտարարել են, որ ակցիան չի դադարելու, հարկ եղած դեպքում կավելացվեն նաև վրանները, թեև վրաններ տեղադրելու պատճառով շաբաթ օրը որդեկորույս հայրերի ցույցի ընթացքում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախում էր եղել:
Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ վրաններում հնարավոր է լինեին «ապօրինի իրեր»: Ոստիկանների հետ ընդհարումից հետո վատթարացել էր Զազա Սարալիձեի և նրա մոր առողջական վիճակը, վերջիններիս տեղափոխել էին հիվանդանոց: Հիվանդանոցից դուրս գալուց անմիջապես հետո Սարալիձեն դարձյալ միացել էր ակցիային՝ հայտարարելով, որ տեղի ունեցածի համար չի ներելու իշխանություններին:
«Հրաժարվում եմ տոնածառից, ես ընտրում եմ մարդուն»,- այս վերտառոււթյամբ համացանցում Զազա Սարալիձեի և Մալխազ Մաչալիկաշվիլիի աջակիցները ստորագրահավաք են սկսել: Ստորագրահավաքի հեղինակները նշում են, եթե իշխանությունները ստիպում են հանրությանը ընտրութուն կատարել տոնածառի և մարդու ոտնահարված իրավունքների միջև, ապա նրանք ընտրում են մարդուն:
«Դաժանաբար սպանված 16–ամյա երիտասարդի հորը՝ Զազա Սարալիձեին և հատուկջոկատայինների կողմից սպանված 20-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հորը՝ Մալխազ Մաչալիկաշվիլիին օրեր առաջ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հորդորել էր Ռուսթավելիի պողոտայից բողոքի ակցիան տեղափոխել «այլ վայր»՝ ամանօրյա տոնածառը տեղադրելու պատճառով: Մենք հրաժարվում ենք տոնածառից, ընտրում ենք մարդուն», — նշված է հայտարարության մեջ:
Վերոնշյալին արձագանքել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ անհասկանալի համարելով որդուն կորցրած հոր և ամանօրյա տոնածառի միջև հավասարություն դնելը: Վերջինս նշել է, որ խոսքը վերաբերել է միայն դեկտեմբեր 15-ին, երբ կայանալու է տոնածառի լույսերը վառելու արարողությունը: