«Ուժը միասնության մեջ է» ընտրական շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեն անդրադառնալով Զուրաբիշվիլիի հայտարարությանը, նշել է, որ եթե սպառնալիքի փաստ կա, անպայման պետք է հետաքննություն անցկացվի։
Հիշեցնենք՝ Զուրաբիշվիլին այսօր հայտարարել է, որ իր և իր զավակների դեմ սպառնալիքներ են հնչում։ Վաշաձեն նշել է, որ դաշինքը դեմ է բոլոր տեսակի բռնություններին:
«Այս տիկնոջ գլխավոր խնդիրն այն է, որ նա հենց սկզբից ընտրեց մի ճանապարհ, որով հակադրվեց զինվորականներին և ընդհանրապես զինված ուժերին: Ինչպե՞ս կարող է նա գերագույն հրամանատար լինել: Եթե եղել է նման դեպք, իրավապահները անպայման պետք է բացահայտեն: Հատկանշական է, որ Ախալքալաքիում մեր շտաբի անդամների հանդեպ իրականացված բռնության դեպքի առնչությամբ ոչինչ տեղի չունեցավ: Այս հայտարարությունով «Վրացական երազանք»-ը ցանկանում է ինչ-որ սյուժե ստեղծել: Մենք լիովին դեմ ենք ցանկացած բռնության: Եթե որևէ սպառնալիք է եղել Սալոմե Զուրաբիշվիլիի հասցեին, թող հետաքննեն», — հայտարարել է Գիորգի Վաշաձեն: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: