Ախալքալաքիում ընդդիմադիր ակտիվիստ Ռեմիկ Պողոսյանը, որ նոյեմբերի 7-ին հոսպիտալացվել էր գլխի հատվածում ստացած վնասվածքներով, հիվանդանոցից արդեն դուրս է գրվել։ Տեղեկացնում է jnews.ge լրատվականը:
Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասել է, որ նոյեմբերի 8-ի երեկոյան Ռեմիկ Պողոսյանը տուն է գնացել․ «նրա վիճակը նորմալ է, նրան դուրս ենք գրում»։
Ռեմիկ Պողոսյանը ևս իր վիճակը բավարար է գնահատել։ «Վիճակս նորմալ է, ինձ արդեն դուրս են գրել», — Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասել է նա։
Ինչ վերաբերում է տարածված հակասական տեղեկություններին՝ ընկել է նա, թե ծեծի է ենթարկվել, Պողոսյանն ասել է, որ հետաքննությունը կպարզի։
Լրատվականը կապ է հաստատել նաև Ռեմիկ Պողոսյանի իրավապաշտպան, միավորված ընդդիմության իրավաբան Վախթանգ Իաշվիլիի հետ։ «Մենք հանդես կգանք Ռեմիկ Պողոսյանի և ընդհանրապես վերջին գործերի ընթացքի մասին հայտարարությամբ, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա։ Ոստիկանությունը մեզ չի տեղեկացնում՝ արդյոք Ռեմիկ Պողոսյանի գործով հետաքննություն սկսվել է, թե՝ ոչ», – ասել է Իաշվիլին։
Հիշեցնենք՝ Rustavi 2 հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 7-ին Ախալքալաքիում կրկին միջադեպ է տեղի ունեցել: Այս անգամ դաժան ծեծի է ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչ Ռեմիկ Պողոսյանը, որը նոյեմբերի 4-ին Rustavi 2 հեռուստաընկերության P.S. հաղորդման եթերում խոսել է Ախալքալաքիից և Նինոծմինդայից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանի կոռուպցիոն գործարքների մասին:
Ախալքալաքիում ևս մեկ միջադեպ էր գրանցվել ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո, երբ հարձակվել էին նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի անդամների վրա։