«ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը կնշանակի, երբ ամփոփի առաջին փուլի արդյունքները»,- այս մասին հայտարարել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Աննա Միքելաձեն:
«Ընտրությունների օրը կապված է օրենսդրությամբ սահմանված գործընթացների հետ: Շրջանային ընտրահանձնաժողովների կողմից ընտրությունների արդյունքները ամփոփելու վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է, սակայն, նրանք երեկ վերջացրել են իրենց աշխատանքը, հետևաբար, արդեն իսկ ամփոփել են առաջին փուլի արդյունքները»,- հայտարարել է Միքելաձեն:
Վերջինս նաև հավելել է, որ հիմա, ըստ օրենսդրության, հնարավոր է բողոքարկվեն տարածքային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունները:
«Նշեմ, որ բողոքարկումն իր ժամկետներն ունի: Այն բանից հետո, երբ վերջանում են բոլոր ժամկետները, որոնք նախատեսված են օրենսդրությամբ, ԿԸՀ-ն նիստ է գումարում, որտեղ ամփոփվում են ընտրությունների արդյունքները: Նիստը պետք է տեղի ունենա մինչև նոյեմբերի 17-ը: Ամփոփելուց հետո երկու շաբաթվա ընթացքում նշանակվելու է ընտրությունների երկրորդ փուլը»,- հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակը:
Միքելաձեն նաև հավելել է, որ ընտրություններն անպայման կանցկացվեն կիրակի օր: