Կադրային փոփոխությունների հարցով քննարկումներ չեն ընթանում. Ժորժոլիանի

«Կադրային փոփոխությունների հարցով քննարկումներ այս պահին չեն ընթանում», — «Վրացական երազանքի» գրասենյակում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գիա Ժորժոլիանին։

Պատասխանելով լրագրողների հարցին, նա նկատել է, որ իշխող ուժի գրասենյակում այդ հարցով դեռևս խոսակցություններ չկան։

Նրա խոսքով, օրվա թեման 2007-ի նոյեմբերյան իրադարձություններն են։ «Նախընտրական քարոզարշավը շարունակվում է, իհարկե, շարունակվում է նաև Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրարշավը: Այսօր, սակայն հիշում ենք 2007 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցած իրադարձությունները, ինչը մեզ համար մեծ ողբերգություն էր»,- հայտարարել է Ժորժոլիանին:

Հիշեցնենք՝ ուղիղ 11 տարի է անցել նոյեմբերյան իրադարձություններից, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների՝ ջրանետների, արցունքաբեր գազի եւ ռետինե գնդակների կիրառմամբ Թբիլիսիի կենտրոնում ցրեց ընդդիմության բողոքի բազմահազարանոց ակցիան, երկրում արտակարգ դրություն մտցվեց։

Այսօր «Ոչ ֆաշիզմին» շարժումը նույն վայրում՝ Ռուսթավելի պողոտայում, «Մենք հիշում ենք նոյեմբերի 7-ը» կարգախոսով խաղաղ ակցիա կանցկացնի։