«Ինձ համար զարմանալի է Միացյալ ազգային շարժում կուսակցության ռեյտինգը, որը գրեթե զրոյի է հավասարեցվել»,— այսպես է արձագանքել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան ամերիկյան Ազգային ժողովրդավարության ինստիտուտի` «NDI»-ի հրապարակած ռեյտինգներին: Նարմանիան տարակուսանք է հայտնել «NDI»-ի հրապարակած արդյունքների վերաբերյալ, համոզմունք հայտնելով, որ Վրաստանի ընտրողները հոկտեմբերի 8-ին «իրական գործ անող խմբի» հանդեպ կկայացնի համապատասխան որոշումը:
«Այն մարդիկ, ովքեր դեռեւս չեն որոշել, թե ում են տալու իրենց ձայնը, համոզված եմ, որ մեր խմբի ընտրողներն են: Պարզապես կան մարդիկ, որոնք հարցման ժամանակ չեն բարձրաձայնում դա»,— ասել է Նարմանիան:
Համանման կարծիք ունի նաեւ պատգամավոր Էկա Բեսելիան: Նրա խոսքով, դեռեւս չկողմնորոշված մարդիկ անպայմանորեն իրենց ձայնը «Վրացական երազանքին» են տալու: Բեսելիայի կարծիքով, ամենակարեւորը ընտրողների այն հատվածն է, որը գնում է ընտրությունների, սակայն դեռեւս չի կողմնորոշվել, թե իր ձայնն ում է տալու: Բեսելիան համոզված է, որ ընտրությունների վերջնական արդյունքի վրա հենց այս խումբն է ազդելու:
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հետազոտությանն արձագանքել է նաեւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին, ով մասնավորապես ասել է. «Հետազոտությունը ցույց է տալիս մի պարզ բան, որ «Վրացական երազանքը» կորցրել է ժողովրդի աջակցությունը: Ցավոք, այս կուսակցությունը չկարողացավ լուծել հասարակության մեջ առկա խնդիրները, այդ թվում գործազրկությունը, տնտեսական վիճակն ու կենցաղային պայմանները, որոնք օր-օրի ավելի են վատթարանում»:
«Ադեկվատ մեկնաբանություն տալու համար, պիտի լինեմ տղամարդ, այն էլ Կախեթիից»,- այս կերպ է արձագանքել NDI- հետազոտության արդյունքներին ժողովրդվարական շարժում կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն: