Տիկնիկային միջազգային երկրորդ փառատոնն անցկացվեց Թբիլիսիում: Ազգային ֆոլկլորի կենտրոնում ներկայացված էին 14 երկրների տիկնիկագործների լավագույն աշխատանքներից՝ տարբեր նյութերից և տարբեր ոճերում:
Նախորդ տարի ավելի քիչ թվով մասնակիցներ է ունեցել փառատոնը, այս տարի ընդլայնել է աշխարհագրությունը: Հայաստանի վարպետներն այս տարի ևս չմասնակցեցին: Կազմակերպիչները խոստանում են հաջորդ փառատոնին լրացնել բացը.
«Մենք կփորձենք պարզել՝ ինչ վարպետներ են ստեղծագործում Հայաստանում, որովհետև հայկական մշակույթը հին է, գեղեցիկ, վստահ եմ, որ այնտեղ ևս կլինեն վարպետներ, ովքեր ներկայացնելու արժանի գործեր ունեն»,-ասում է փառատոնի կազմակերպիչ Յուլիա Սորոկինան: Սա արդեն հաջորդ տարվա ծրագիր է:
Այս տարի 14 երկրների տիկնիկների կողքին Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնի հիմնադիր-ղեկավար տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի երկու գործերն են՝ արդեն հայտնի Փարաջանով ու վերջին տիկնիկներից մեկը՝ ձկնորսի կինը:
«Ուրախությամբ պետք է նկատել, որ տիկնիկային արվեստն արդեն ձևավորվել և ձևավորվում է որպես կիրառական արվեստի առանձին ճյուղ, իսկ հայ արվեստագետների մասնակցությունը Վրաստանում կազմակերպվող նմանատիպ նախաձեռնություններին կարևորում եմ այն առումով, որ դու լիարժեք զգում ես քեզ որպես Վրաստանում գործող և Վրաստանի կողմից ներկայացվող արվեստագետ, և քեզ լիարժեք ես զգում քո ստեղծագործական աշխարհում», -նկատում է Արմեն Հովհաննիսյանը:
Փառատոնին զուգահեռ նաև նաև վարպետաց դաս էր ընթանում: