Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ խաղաղ երթերը դեպի Թբիլիսիի «վիճելի» եկեղեցիներ շարունակվում են: Արդեն երկրորդ մոմավառությունն իրականացվեց Թբիլիսիի Սուրբ Նշան (Սուրբ նիկողայոս) եկեղեցու բակում: Մի քանի տասնյակ հավատացյալներին առաջնորդում էր տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:
Բակում, որտեղ մի քանի օր առաջ շինարարական աշխատանքներ էին սկսվել, իսկ մեկ օր անց դադարեցվել, մինչ մոմավառությունը տեր Կիրակոսը խոսքով դիմեց հավաքվածներին՝ ընդգծելով հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:
Եկեղեցու պատմության և ներկայիս իրավիճակի մասին պատմեց վիրահայոց թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը:
«Սա խաղաղ մոմավառություն է, որի նպատակն է իշխանություններին հիշեցնել, որ մենք մեր հայոց սրբավայրերի տերն ենք։ Ճիշտ է այս եկեղեցիներն ինչ-ինչ պատճառներով անգործության են մատնված, կորցրել են իրենց հիմնական գործառույթը, բայց դրանք մեր սրբություններն են, որոնք մենք պարտավոր ենք պահել ու պահպանել»:
Վիրահայոց թեմի մամլո խոսնակի հետ խոսեցինք նաև վերջերս եկեղեցու տարածքում սկսված, այնուհետև կարճ ժամանակ անց դադարեցված վերանորոգողական աշխատանքների մասին.
«Կրծանիսիի շրջանային վարչության նախաձեռնությամբ կոմունիկացիոն ցանցի վերանորոգողական աշխատանքներ էին անցկացվում: Մենք հետաքրքրվեցինք, տեղեկացրին, որ եկեղեցուց ոչ մի քար չի տեղաշարժվի, շիրմաքարերը կպահպանվեն, միայն կանցկացվեն բարեկարգման աշխատանքներ։ Մեր ներկայացուցիչն ամեն օր գալիս և հետևում էր իրավիճակին: Աղբակույտի մեջ հայտնվել էին զանգակատան գմբեթի փլուզված սալաքարերը, որոնք մենք կարգադրեցինք անպայման իրենց տեղը վերադարձնել: Այնուամենայնիվ այդ պահին եկեղեցին անուշադրության մատնած հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչները թե Ալիքի ահազանգի, թե մեր ներկայության պատճառով հայտնվեցին այստեղ՝ կարգադրելով աշխատանքները դադարեցնել: Աշխատանքները չեն վերսկսվի մինչև չանցկացվի հնեաբանական հետազոտություն»,- նշեց Սուսաննա Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Թբիլիսիի «Արծաթե» փողոցում (հին Թիֆլիսի Կալայի (Քվեմո կալա) թաղի կենտրոնում) Սուրբ Նշան եկեղեցու հարևանությամբ շինարարական աշխատանքներ էին սկսվել, ինչի արդյունքում եկեղեցու բակի քարերի մի մասը հայտնվել էր աղբակույտում:
Խորհրդային Միության տարիներին մի շարք եկեղեցիների շարքում փակվել էր նաև այս եկեղեցին: Այն ծառայել է որպես պարենամթերքի պահեստ, մի քանի անգամ հրդեհվել է, այժմ համարվում է վթարային: 2007-ին այսպես կոչված «վիճելի» Սուրբ Նշանը (Սուրբ Նիկողայոս) ստացել է պատմական հուշարձանի կարգավիճակ: