Վրաստանի Օմբուդսմենը կոչ է անում զերծ մնալ բռնություններից

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը ընտրական գործընթացում ներգրավված կողմերին կոչ է անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և բռնություններից։ Այս մասին նշված է Օմբուդսմենի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է մասնավորապես Ախալքալաքիում երեկ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ բռնության բոլոր մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն։

«Տարածվել է տեղեկատվություն, որ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Ախալքալաքիում հարձակման են ենթարկվել միավորված ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի թիմակիցները: Վաշաձեի խոսքով, հարձակման մասնակիցը իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքի անդամն է», — ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում:

Օմբուդսմենի գրասենյակը հիշեցրել է, որ միջադեպի առնչությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննությունն է սկսել քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն, ինչը ենթադրում է նախապես կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն:

«Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է, որ նման միջադեպերը զգալիորեն խոչընդոտում են ազատ և խաղաղ նախընտրական միջավայրին՝ ազդելով երկրի ժողովրդավարության մակարդակին», — ասված է հայտարարությունում: