Հիբրիդային և տեղեկատվական պատերազմներ, ահաբեկչություն, փափուկ և կոշտ ուժի կիրառման սպառնալիքներ, այս էւ անվտանգության ոլորտի մի շարք այլ խնդիրներ էին քննարկվում, հուլիսի 28-ին Թբիլիսիի «Բեթսի» հյուրանոցում մեկնարկած «Եվրամիության արևելյան համագործակցության անվտանգության մարտահրավերները» խորագիրը կրող երկօրյա համաժողովի ընթացքում: Կոնֆերանսը կազմակերպվել էր Եվրամիության` Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի և Վրաստանի ազգային հարթակի աջակցությամբ: Համաժողովին մասնակցում էին Վրաստանի կառավարության, Արևելյան գործընկերության անդամ երկրների Ազգային հարթակների, Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչներ, ինչպես անվտանգության ոլորտի փորձագետներ:
Համաժողովի ընթացքում քննարկվում էին Արևելյան գործընկերության երկրների անվտանգությանը վերաբերվող ամենատարբեր մարտահրավերները, ինչպես նաև խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները:
Վրաստանի նախագահի խորհրդական Թենգիզ Փխալաձեն խոսեց համաժողովի կարևորության մասին.
«Քաղաքացիական հարթակի համաժողովը շատ կարևոր է, որը մեծ դեր է խաղում մեր երկրների եվրաինտեգրման գործընթացում, դրանից ելնելով շատ կարևոր է, որ Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները հավաքվեն և միասին քննարկեն անվտանգությանը վերաբերվող, ինչպես նաեւ այլ կարևոր հարցեր»:
Վրաստանի ռազմավարական և միջազգային հարաբերությունների հետազոտությունների հիմնադրամի ավագ փորձագետ Կախա Գոգոլաշվիլին, Ալիքի հետ զրույցում նշեց, որ աշխարհում անվտանգության աճող սպառնալիքների ֆոնի վրա նման հավաքները չափազանց կարեւոր են.
«Անվտանգության թեման ավելի ու ավելի ակտուալ է դառնում աշխարհում, Եվրոպայում ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում: Այդ խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով հավաքվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Կան ինչպես ընդհանուր մարտահրավերներ այնպես էլ մարտահրավերներ, որոնք հատուկ են կոնկրետ երկրների համար: Օրինակ ահաբեկչության, հիբրիդային և տեղեկատվական պատերազմերի սպառնալիքները անհանգստացնում են բոլոր անդամ երկրներին: Կոնկրետ տարածաշրջանի եվրաինտեգրման համար իրենից սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը, որի նպատակն է իշխել հարևան երկրների վրա և ընդհանրապես չի սատարում համագործակցությունը հարևանների հետ»:
Հայաստանի պատվիրարկության ներկայացուցիչներից, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկակ Արշամյանը Հայաստանին հատուկ մարտահրավերները քննարկեց ընդհանուր համատեքստում.
«2013 թվականից, երբ Ռուսաստանը կոպիտ միջամտեց Արևելյան գործընկերության քաղաքականությանը՝ փորձելով հանել այն երկրներին, որոնք քիչ թե շատ իրենից կախվածություն ունեն (խոսքը Հայաստանի մասին է) Եվրամիությունը հասկացավ, որ անհրաժեշտ է անհատական մոտեցում բոլոր երկրների հանդեպ: 2013-ին, երբ Սերժ Սարգսյանը իր որոշմամբ որոշեց, որ չպետք է ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, փոխարենը գնալով դեպի Եվրասիական տնտեսական միություն, այդ ժամանակվանից շատ բան փոխվեց: Կարող եմ ասել, որ հենց Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար իրենից վտանգ է ներկայացնում: Պարզ ասած, այդ կազմակերպության մեջ Հայաստանն ավելի շատ տալիս, քան վերցնում է, իսկ հիմնական օգուտը գնում է դեպի Ռուսաստան: Անվտանգության խնդիրներ ասելով հասկանում ենք ոչ միայն ռազմական, ներքին ժողովրդավարության, ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները այլ նաև լուրջ տնտեսական կոմպոնենտներ:»
Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ, Ադրբեջանի հումանիտար հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ավազ Հասանովը մեզ հետ զրույցում նեշեց, որ Արևելյան գործընկերության երկրները կարիք ունեն վերանայելու իրենց արտաքին քաղաքականության դիրքերը.
«Ապրիլյան դեպքերից հետո Կովկասում շատ բան է փոխվել: Առաջացել են նաև նոր մարտահրավերներ: Փորձում ենք հասկանալ այդ մարտահրավերները և գտնել դրանց համար լուծումներ: Կոֆերանսը կօգնի քաղաքացիական հասարակության անդամներին ավելի լավ պատկերացնել իրենց հետագա հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի, Եվրամիության և Ռուսաստանի հետ, քանի որ 2016 թվականի համար Ռուսաստանն ու Արևմուտքը ձևակերպել են նոր ռազմավարական ծրագրեր: Բոլորս կարիք ունենք վերանայել մեր դիրքերը միջազգային հարաբերություններում: Վաղը կխոսենք նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների և սպառնալիքների մասին»:
Արևելյան գործընկերության Վրաստանի ազգային հարթակը, Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ամենամեծ միավորումն է: Այս պահին, Ազգային հարթակի անդամ է 152 ոչ կառավարական կազմակերպություն: