Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր իր նախընտրական շտաբում հայտարարություն կանի: Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին գրել է սոցիալական ցանցում:
«Այսօր երեկոյան, ժամը 20:00-ին հայտարարություն կանեմ ուղիղ եթերով», — գրում է Զուրաբիշվիլին:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների ձայների հաշվարկն արդեն ավարտել է: ԿԸՀ-ի կողմից հրապարակված 3705 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն՝ իշխող կուսակցության աջակցությունն ունեցող նախագահի թեկնածուն ստացել է ձայների 38,64 տոկոսը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է ձայների 37,74 տոկոսը: Նշված տվյալների պարագայում անհրաժեշտ է անցկացնել երկրորդ փուլ:
Հատկանշական է, որ հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններից հետո, սա Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին հայտարարությունը կլինի: