Վրաստանում այսօր անցկացվեցին նախագահական վեցերորդ ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Աննա Միքելաձեի տեղեկատվության համաձայն՝ 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 637 956 ընտրող, ինչն ընդհանուր ընտրողների 46.74 տոկոսն է:
«Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Քեդայում՝ 64.74%, իսկ ամենացածրը՝ Մառնեուլիում՝ 36.47»,- հայտարարել է Միքելաձեն՝ հավելելով, որ երկրի մասշտաբով ստացվել է 364 բողոք է:
Ընտրությունների ընթացքում դիտորդական տարբեր կազմակերպություններ պարբերաբար ահազանգում էին ընտրախախումների մասին, որոնք հիմնականում ընթացակարգային են եղել։ Սակայն լրատվամիջոցներում ու սոցցանցերում արդեն տարածվել են տեսանյութեր լցոնումների, կաշառք բաժանելու և այլ խախտումների փաստերով։ Մի քանի ընտրատեղամասերում էլ ծեծկռտուքներ են գրանցվել։
Նշենք, որ նախագահական ընտրությունների հիմնական ֆավորիտները իշխանությունների կողմից աջակցություն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին է և «Ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:
Թեև ընտրությունների արդյունքների նախնական տվյալները պարզ կլինեն 02:00-ին, արդեն իսկ խոսվում է երկրոդ փուլի մասին: Խորհրդարանի խոսնակն արդեն հայտարարել է, որ երկրորդ փուլ է լինելու: Ընդդիմության ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ԿԸՀ շենքի մոտ և սպասում են արդյունքներին: