Կենտրոնական Եվրոպայի դպրոցականների միջև անցկացվող ինֆորմատիկայի օլիմպիադայում Վրաստանը ներկայացնող աշակերտները երեք մեդալ են շահել և հայտնվել են մասնակից երկրների լավագույն քառյակում: Այս մասին «Новости-Грузия»-ի թղթակցին հայտնեցին Դեմիրելի անվան քոլեջի մամլո ծառայությունից:
Դեմիրելի անվան քոլեջի աշակերտ Գեորգի Սխիրտլաձեն շահել է արծաթե մեդալ, նույն քոլեջի սան Գեորգի Կլդիաշվիլին ինչպես նաև Քութաիսիի 41-րդ ֆիզիկամաթեմատիկական դպրոցի աշակերտ Բակուր Ցուցխաշվիլին արժանացել են բրոնզե մեդալների: Թիմի ղեկավար Գոչի Մանդարիայի խոսքերով սա մեծ ճանաչում և հաջողություն է աշակերտների համար: Նրանք շարունակում են պարապմունքները և արդեն պատրաստվում են օգոստոսի 12-ից 19-ը Կազանում կայանալիք ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային (IOI):
Կենտրոնական Եվրոպայի ինֆորմատիկայի օլիմպիադան անցկացվում էր հուլիսի 22-ից 25-ը CEOI (The Central European Olympiad in Informatics) հիմնադիր երկրում` Ռումինիայում, Պյատրա-Նյամց քաղաքում:
Մրցույթում մշտապես մասնակցող Խորվաթիայից, Չեխիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ռումինիայից և Սլովակիայից բացի, այս անգամ օլիմպիադայում ներկայացված էին նաև Մոլդովան, Սլովենիան, Շվեյցարիան և Վրաստանը: Օլիմպիադայի յուրաքանչյուր փուլ ներառում է ալգորիթմային խնդիրների լուծում և համակարգչային ծրագրավորման առաջադրանքներ: Ամեն երկրից մասնակցում են չորս աշակերտ, թիմի ղեկավարը և ղեկավարի տեղակալը: