«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի վրացերենի մակարդակին։
«Հասկանալի է, տիկին Սալոմեն հին վրացերենով է խոսում, դա ինձ հաճելի է: Այն իմ մոտ սեր է արթնացնում՝ հիշեցնելով ինձ սեփական պատմությունս»,- ասել է Իվանիշվիլին՝ այսպիսով փորձելով պատասխանել այն մեղադրանքներին, որ այդ առումով հնչում են։
«Չեմ պատկերացնում, թե ինչու անարժան վրացիները Զուրաբիշվիլիին վրացի չեն համարում»,-ասել է իշխող ուժի ղեկավարը:
Հիշեցնենք՝ «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին վրացերենին լավ չտիրապետելու համար հաճախ է հայտնվում ընդդիմադիրներ քննադատության թիրախում։
Հատկանշական է, որ Զուրաբիշվիլին ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, Վրաստանում է հաստատվել Վարդերի հեղափոխությունից հետո։