Երեկ երեկոյան Գորիում անհայտ կորած 8-ամյա աղջկան հայտնաբերել են մահացած:
Անչափահասը սովորում էր Գորիի թիվ 5 հանրային դպրոցի երրորդ դասարանում: Դպրոցից ասել են, որ երեխան դասերից հետո տուն է գնացել, սակայն կեսօրին, երբ պիտի գար պարի դասի, տեղ չի հասել:
Անհետանալուց ժամեր անց երեխային մահացած են գտել Լիախվի գետի ափին:
8-ամյա աղջկա մահվան հետաքննության հետ կապված Գորի է ժամանել ներքին գործերի փոխնախարար Կախաբեր Սաբանաձեն: Նա անձամբ է ղեկավարում հետաքննությունը:
Մահացած աղջկա մարմինը ենթարկվել է համալիր փորձաքննության: Աղջկա մարմինը տեղափոխվել է Գորիի Լևան Սամխարաուլիի ազգային դատախազության բյուրո: Մինչև ուշ գիշեր դեպքի վայրում են եղել իրավապահ մարմինների աշխատակիցները:
«Դեպքի վերաբերյալ հետաքննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է անչափահասների նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանություն», — պարզաբանել են ՆԳՆ-ից:
«Տեսա, որ գլխին տոպրակ կար: Ոտքերին էլ կարծես մետաղալարեր էին: Հավանաբար սա բոլորին ձեռնտու է: Կապ չունի, թե ում երեխան է: Եթե հետաքննությունը չպարզի, մենք կփակենք գլխավոր մայրուղին: Բոլորս ոտքի կկանգնենք: Ես սա ասում եմ Գորիի բնակիչների անունից», — ասում է մահացած աղջկա պապիկը՝ Խվիչա Բերիաշվիլին:
Մահացած աղջկա հորեղբայրն էլ տեղի ունեցածը նախընտրական շրջանում ապակայունացման փորձ է համարել: Ըստ նրա, ընտանիքի անդամները չեն բացառում նաև ճանապարհային պատահարի տարբերակը: Այնուամենայնիվ, նշվում է նաև, որ այն վայրը, որտեղ հայտնաբերվել է երեխայի մարմինը, մինչ այդ ուսումնասիրվել է, ինչը ենթադրում է, որ մարմինը հետագայում է տեղափոխվել:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, 8-ամյա աղջկա սպանության գործով Գորիում ձերբակալվել է մի երիտասարդ, որը նախկինում դատված է եղել: Հետաքննություն է ընթանում, Ներքին գործերի նախարարությունը հարցի շուրջ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա: