Վրաստանում հոկտեմբերի 28-ին անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ «Ալիք մեդիան» փորձել է ի մի բերել նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուների կողմից արված ծիծաղաշարժ հայտարարությունները։
Երկրում վերջին անգամ ուղիղ քվեարկությամբ տեղի ունեցող նախագահական ընտրություններին 25 թեկնածու է առաջադրվել, սակայն հիմնական պայքարն ընթանում է իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիի և թերևս ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժը համարվող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի միջև, որոնց հետ էլ հենց կապված են ամենածիծաղաշարժ հայտարարությունները։
Պայքարում բոլոր միջոցներն են կիրառելի։ Հավանաբար այս կարգախոսով են առաջնորդվում թեկնածուները՝ ջանք չխնայելով նաև ամեն պատեհ պահի հակառակորդների բացթողումներն արձանագրելու վրա:
Այս հարցում Սալոմե Զուրաբիշվիլին թերևս ամենահայտնին է:
«Կան հարցեր, որոնց չպետք է արձագանքել. մի արտահայտություն կա, չգիտեմ անգլիական է, թե ֆրանսիական, ասում է՝ դու կյանքում երբեք չես կարող ապացուցել, որ վարդագույն փիղ չես», — հարցազրույցներից մեկում ասել է Զուրաբիշվիլին:
Քննարկման թեմա է դարձել նաև Զուրաբիշվիլիի մեկ այլ հայտարարություն, որը նա արել է «Ռեակցիա» թոք շոուի ընթացքում։ «Նախագահը պետք է լինի ժողովրդի հետ, սակայն, միևնույնն է, վերևում պետք է լինի: Ես իմ ուղեղը կշարժեմ: Ոչինչ չեմ ասել, ինչ ինքս ինձ չեմ ասում»:
Նա վրացերեն «անալիտիկոսներ» (վերլուծաբաններ) բառի փոխարեն ասել է «անալիստներ»։ «Սրանք այն հարցերն են, որոնք անալիստներն ու լրագրողները պետք է տան»:
Զուրաբիշվիլիին են պատկանում նաև հետևյալ արտահայտությունները՝
«Նոր նախագահը չպետք է լինի վետո դնող, պետք է լինի գաղափար դնող»
«Ագրեսիայի կանալիզացիան տեղի է ունենում ֆիզիկական դաստիարակությամբ ու վարժություններով»
«Որտեղ էլ փորես, ամեն տեղ կարող ես փորել»։
Հայտարարություններից մեկում էլ վրացերենով ուղղափառ բառն արտասանել է մահմեդական բառի նմանությամբ։ «Շատերն ասում են, որ ես կաթոլիկ եմ, սակայն ես կաթոլիկ չեմ, ես մարթլմադիանի եմ»,- ասել է Զուրաբիշվիլին՝ հանրության շրջանում տպավորություն թողնելով «ես մահմեդական եմ» արտահայտության։ Նկատենք, որ վրացերեն «մարթլմադիդեբելի» նշանակում է ուղղափառ, «մահմադիանի»՝ մահմեդական։
Զուրաբիշվիլիի մրցակից Գրգոլ Վաշաձեն ևս հաճախ է հրճվելու առիթ տալիս ընտրողներին։ Նրա հնչեցրած «ՆԱՏՕ-ի շտաբ կվարծիրա» արտահայտությունը օգտատերերը ակտիվորեն շրջանառում են: Իսկ Զուրաբիշվիլին ընտրություններից առաջ մասնակցելով Վաշաձեի և ընդդիմադիր մեկ այլ թեկնածու Դավիթ Բաքրաձեի հետ բանավեճին, ասել է՝ «ես աշխատել եմ ՆԱՏՕ-ում», այնուհետև հեգնական ժպիտով նայելով Վաշաձեի ուղղությամբ՝ ընդգծել է․ «ես աշխատել եմ ՆԱՏՕ-ում՝ ՆԱՏՕ-ի շտաբ կվարծիրայում»:
«Ես ևս երկու անգամ եմ ամուսնացել, ինչպես բոլոր նորմալ տղամարդիկ», — Վաշաձեի մտքի գոհարներից է նաև այս արտահայտությունը։
Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի