«Լիովին պատրաստ ենք ընտրություններն անցկացնելուն և ընտրողներին համապատասխան ծառայություններ մատուցելուն», — այս մասին հայտարարել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիան:
Վերջինս հանդիպել է դիտորդական առաքելությամբ հանդես եկող ԱՄՆ հանրապետականների միջազգային ինստիտուտի (IRI) ներկայացուցիչներին և տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 28-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ: Ժվանիան նաև հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ու ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչներին:
«Ընտրությունների կազմակերպման տեսանկյունից ԿԸՀ-ն ամբողջությամբ պատրաստ է: Ընտրաթերթիկները տպագրվել են, տպագրվում են ընտրացուցակները: Պատրաստ ենք ընտրությունների օրը համապատասխան ծառայություններ մատուցել ընտրողներին», — ասել է Ժվանիան: