«Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին կայացավ Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը մեկնարկեց Զուրաբիշվիլիի ելույթով, որի ընթացքում նախագահի թեկնածուն ներկայացրեց այն հիմնական ուղղություններն ու ոլորտները, որոնց վրա շեշտ կդնի նախագահի պաշտոնում: Հանդիպումը շարունակվեց հարց-պատասխանի ձևաչափով:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Զուրաբիշվիլին անդրադարձավ նախագահի պաշտոնում իր առաջին այցին․
«Վրաստանի համար դժվար է որոշել, թե հարևան որ երկիրն առաջինն այցելի: Հաշվի առնելով երկրի առաջնահերթությունները, առաջին պաշտոնական այցով կմեկնեմ Եվրոպա՝ Բրյուսել»:
Սալոմե Զուրաբիշվիլիի հետ խոսեցինք նաև այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ: Նախագահի թեկնածուն ընդգծեց, որ առկա իրականության մեջ այլընտրանքային ճանապարհ ունենալն անհավանական է:
«Հասկանալի է, որ Լարսի այլընտրանքային ճանապարհը բխում է Հայաստանի տնտեսական շահերից, սակայն մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք մեր՝ Վրաստանի շահերը: Այսօր մեր երկու շրջաններն օկուպացված են Ռուսաստանի կողմից, չկան դիվանագիտական հարաբերություններ: Այս պահին բացառվում է Ռուսաստանի հետ այլընտրանքային ճանապարհ բացելու գաղափարը: Ապագայում՝ տեսնենք»:
Հիշեցնենք՝ «Բազմազգ Վրաստան»-ի նախաձեռնությամբ սա արդեն երրորդ հանդիպումն էր: Ավելի վաղ էթնիկ փոքրամասնությունների համար կազմակերպվել էին հանդիպումներ Դավիթ Բաքրաձեի և Շալվա Նաթելաշվիլիի հետ: Հանդիպումները շարունակվում են: