Վրաստանի ազգային փոքրամասնությունների համար նախատեսված «4+1» ստաժավորման ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 29-ը։
Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարությունից հայտնում են, որ 2018-ի աշնանային ընդունելության համար 500 թափուր տեղ է սահմանված: Ծրագրի շրջանակներում 1-ից մինչև 6 ամիս տևողությամբ պետական հաստատություններում փորձաշրջան կարող են անցնել բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի, մագիստրատուրայի ուսանողներն և ընդհանրապես «4+1»-ով բուհն ավարտածները:
2017-ին հաստատված ծրագրի փորձնական փուլի շրջանակներում 65 երիտասարդ է ստաժավորում անցել: Նախարարությունից տեղեկացնում են, որ ծրագիրը նպատակ ունի երկրի հանրային կյանքում ակտիվացնել էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիների մասնակցությունը։
Ծրագրի մասնակից ուսանողները երկրի պետհաստատություններում ստաժավորման հնարավորությունը կարևորում են նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու առումով:
Նինոծմինդայից Անի էլոյանը «4+1» ծրագրով կրթություն է ստանում Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսում: Ստաժավորման ծրագրին ծանոթացել է PITA երիտասարդական կենտրոնի կազմակերպած տեղեկատվական հանդիպմանը։ Ասում է՝ դիմելու է փորձաշրջանն Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում (տուրիզմի բաժնում) անցնելու համար։
«Մեծ ակնկալիքներ ունեմ ծրագրից։ Հույս ունեմ զարգացնել մասնագիտական գիտելիքներս, ստանալ պետական հաստատությունում աշխատելու փորձ, որպեսզի հետագայում պատրաստ լինեմ իրագործել սեփական ծրագրերս»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է նա:
Ծնունդով Նինոծմինդայից Գայանե Նորսոմյանը նույնպես դիմել է ծրագրին: Դրական պատասխանի դեպքում նա ստաժավորում կանցնի Թբիլիսիի քաղաքապետարանում: Քաղաքագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողը ծրագրին երկրորդ անգամ է դիմում։ Առաջին անգամ փորձաշրջան է անցել մայրաքաղաքի սակրեբուլոյում (ավագանի):
«Հույս ունեմ, որ սպասելիքներս կիրականանան և ծրագրին իմ մասնակցությունն ավարտելուց հետո ստացած գիտելիքներս առաջիկա աշխատանքում կիրառելու հնարավորություն կունենամ»,- ասում է Գայանեն:
Հիշեցնենք, ստաժավորման գործընթացն անցնելու է մրցութային կարգով: Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող են այցելել Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարության կայք էջ: