Հոկտեմբերի 18-ին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Ախալքալաքում բացել է Արդարադատության տուն (երկրի մասշտաբով 20-րդը)։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ում Թեա Ծուլուկիանին Երևանում անձամբ էր հրավիրել՝ ծանոթանալու Վրաստանում ծառայությունների հասանելիության հարցով անցկացված բարեփոխումների արդյունքներին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Վրաստանի բռնազվաթված տարածքներից փախստականների, աշխատանքի և առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, գործադիր և օրենսդիր իշխանության, ինչպես նաև գործարար ոլորտի ներկայացուցիչներ:
Ախալքալաքի արդարադատության տունը Սամցխե Ջավախեթիի շրջանում արդեն երրորդն է (Բորջոմիի և Ախալցիխեիի տներից հետո), որտեղ տեղի բնակչությունը կարճ ժամկետներում ու հարմարավետ միջավայրում ավելի քան 400 տարբեր կարգի պետական ծառայություններից կարող է օգտվել:
Արդարադատության տան հետ միասին Ախալքալաքում բացվել է նաև ամուսնության տուն: Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկատվությամբ, մինչ այժմ Ախալքալաքի մունիցիպալիտետում ամուսնության արարողության համար նախատեսված տարածք չկար: Զույգերը կարող էին միայն պետական ծառայությունների զարգացման գործակալությունների Ախալքալաքի մասնաճյուղերին դիմել, որտեղ ամուսնության գրանցումը ընթանում էր առանց հանդիսավոր արարողության: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: