Մի քանի անգամ հետաձգվելուց հետո, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում Վիրահայոց թեմի կողմից Հանրային ռեեստրի ազգային գործակալության դեմ ընթացող վեճի շրջանակներում Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով դատական նիստը վերջապես կայացել է:
Նիստին ներկայացել են ինչպես հայցվոր կողմը՝ Վիրահայոց թեմը, այնպես էլ Հանրային ռեեստրի ազգային գործակալության ներկայացուցիչները։
Վիրահայոց թեմի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը «Ալիք մեդիային» տեղեկացրեց, որ այսօրվա նիստին կողմերը բազմաթիվ հարցեր են բարձրացրել:
Ըստ Խաչատրյանի՝ պատրիարքարանի փաստաբանը նշել է, որ Վրաստանում գործող բոլոր մշակութային կոթողները վրացական են․
«Եթե Թանդոյանց եկեղեցու պատերը փաստում են, թե այն հայկական է, ապա ստորգետնյա շերտերն ապացուցում են, որ այդտեղ գուցե մեկ դար առաջ վրացական գերեզմանոց, վրացական եկեղեցի է եղել», — ասել է փաստաբանը:
«Սակայն, վիրահայոց թեմի դատապաշտպանները պնդել են, որ եկեղեցին խորհրդային տարիներին բռնագրավվել է որպես հայկական, իսկ թե ինչ է եղել ստորգետնյա շերտում, ապա որևէ մեկը չի կարողանա ապացուցել», — ասում է Սուսաննա Խաչատրյանը:
Վիրահայոց թեմի երկրորդ հայցապահանջը, որը քննարկվում է որպես առանձին գործ, էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության դեմ է, քանի որ վերջինս, բանավոր խոսքի հիման վրա, պետական հաշվեկշռից հանել է եկեղեցին: Հենց այդ հանելու հիման վրա էլ ռեեստրն այն գրանցել է Վրաց պատրիարքարանի վրա:
Դատական գործընթացի մասնակից 3-րդ կողմի՝ Վրաց ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ, գործի քննարկումը դադարեցվել է՝ երկու հայցապահանջները որպես մեկ ամբողջական գործի մաս քննարկելու առաջարկությամբ: Հայցվոր կողմը համաձայնել է միջնորդությանը: Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայցապահանջները միավորելու նպատակով՝ դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 24-ը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 5-ին Վիրահայոց թեմը վարչական բողոք է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Վրաստանի հանրային ռեեստրի ազգային գործակալության և էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության: Թեմը գտնում է, որ 2017 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցելով Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին, Վրաստանի հանրային ռեեստրը խախտել է Վիրահայոց թեմի շահերը՝ չուսումնասիրելով եկեղեցու ծագումը, նրա պատմությունը և եկեղեցու նկատմամբ թեմի ունեցած պահանջը: Այս եկեղեցու համար երկրորդ հայցապահանջը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության դեմ, որը Թանդոյանց եկեղեցին և դրան կցված հողակալվածքը, առանց որևէ հիմնավորման, պետության հաշվեկշից օտարել է` այդպիսով հեշտացնելով հայոց եկեղեցին վրաց պատրիարքարանի հաշվեկշռին փոխանցելու գործը: