Թբիլիսիի երբեմնի ամենաբարձր գագաթով հավլաբարյան Շամխորեցոց սբ․ Աստվածածին կամ Կարմիր Ավետարան կոչվող կիսախոնարհ եկեղեցու միակ կանգուն մնացած պատի հարևանությամբ 2016-ին մեկնարկած շինարարական աշխատանքները լուրջ վտանգ են դարձել պատմամշակութային կոթողի մնացորդների համար։
Ժամանկին այս հարցը մեծ աղմուկի պատճառ դարձավ, սակայն այսօր այս տարածքում արդեն գործում են հյուրանոց, եկեղեցու հենց կողքին վերջերս բացվեց նաև սրճարան, իսկ եկեղեցու պատը վերածվել է նշված հյուրանոցի կայանատեղիի:
Հոկտեմբերի 14-ին վիրահայոց թեմի նախաձեռնությամբ սբ․ Էջմիածին եկեղեցու կիրակնօրյա պատարագից հետո համայնքի մի խումբ ներկայացուցիչներ ու հավատացյալներ երթով շարժվեցին դեպի Շամխորեցոց եկեղեցի: Խաղաղ ցույցի շրջանակներում եկեղեցու պատի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, աղոթք, ներկաները նաև աղբից մաքրեցին եկեղեցու խոնարհված հատվածը, որն ըստ տեղի բնակիչների՝ վերածվել է թմրանյութերի օգտագործման վայրի։
«Թեև վիրահայոց թեմը, հայ համայնքը բողոքներով, նամակներով բազմիցս դիմել է պատկան մարմիններին՝ հայտնելով, որ եկեղեցու հարակից տարածքում շինարարությունը խստիվ արգելված է, այնուամենայնիվ, նրանք շարունակում են իրենց գործունեությունը: Ձայն բարբառոյ յանապատի՝ անպատասխան», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է վիրահայոց թեմի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը և պատասխանելով «ինչո՞ւ որոշվեց ակցիա անցկացնել հենց այսօր» հարցին, ասում է.
«Վիրահայոց թեմը երբեք ձեռքերը ծալած չի նստել իր հուշարձանների, եկեղեցիների, կառույցների հետ վերադարձնելու հարցում: Մի կարծեք, թե անուշադրության ենք մատնում։ Իրավական, պաշտոնական նամակներով դիմում ենք, վրաց իշխանությունները դեռևս չեն կարողանում լուծում գտնել մեր հարցերին: Այս ցույցը հերթական նամակից հետո մեր դիմումն է՝ հիշեցման կարգով», — ասում է Խաչատրյանը:
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության վարչության անդամ Ալեքսանդր Օհանյանն ասում է, որ ակցիայի մասին իմացել է նախօրեին, սոցցանցերում տարածված հայտարարությունից.
«Ակցիան ուշացած է և, ինչպես միշտ, ունենք խնդիր՝ նման հարցերը համաձայնեցված չեն համայնքային կառույցների հետ: 25 տարվա ընթացքում տարբեր ձևաչափերով բանակցություններ են արվել վիճելի եկեղեցիների հարցով, իսկ համայնքը, բաց հասարակությունը դուրս է մնացել այդ բանակցությունների ընթացքից: Դրանք կարծես ստացել են միջկառավարական, միջպետական ձևաչափ: Թե ինչու մինչ օրս թեմը չի փոխում դիրքորոշումը, ինձ համար պարզ չէ», — ասում է Օհանյանը:
Եկեղեցու հարակից տարածքի կիսափլուզված տներից մեկում բնակվող տարեց կինը հիշում է եկեղեցին՝ կանգուն ժամանակ: Ասում է՝ ժամանակին հայկական այս թաղամասում տեղակայված եկեղեցին խոհրդային միության տարիներին տարբեր գործառույթներ է ունեցել, իսկ հետո քանդվել է 4 բալանոց երկրաշարժից:
«Այս խաղաղ ակցիան կոչ է, որ չի կարելի անտարբեր վերաբերմունք ցուցաբերել Թբիլիսիում մշակութային հուշարձանի նկատմամբ», — ասում են մասնակիցները:
Եկեղեցուց 5 մետր հեռավորության վրա բնակելի շենքի շինարարության մասին ակտիվ քննարկումները մեկնարկել էին Tiflis Hamkari կազմակերպության ներկայացուցիչները, սոցցանցերում նրանց տարածած լուսանկարներն ու գրառումները քննարկման բուռն թեմա էին դարձել: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացմաթիվ գրառումներ են արվել նաև #SaveKarmirAvetaran հեշթեգով: Հարցն ուսումնասիրել և զեկույց էր ներկայացրել նաև Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը (TDI):
«Շամխորեցոց Սուրբ Աստվածածին – Կարմիր Ավետարան»-ը 18-րդ դարի հուշարձան է, որը գտնվում է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Փերիսցվալեբի 21 հասցեում: 1989 թվականի երկրաշարժի հետևանքով շինությունը մասամբ խոնարհվել է` լուրջ վնասվելով: Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվությամբ՝ եկեղեցու վերանորոգումը մինչ օրս չի իրականացվել, ինչի պատճառով եկեղեցու՝ ամբողջովին խոնարհման իրական վտանգ գոյություն ունի: 2007 թվականին եկեղեցուն տրվել է «մշակութային ժառանգության անշարժ գույքի» կարգավիճակ: Բացի դրանից, փլատակները գտնվում են Թբիլիսիի պատմական զարգացման պաշտպանության գոտու սահմաններում, ինչը, իրավաբանորեն, պաշտպանության լրացուցիչ երաշխիք է: