«Ամեն ինչ կանեմ՝ միավորելու «Եվրոպական Վրաստան» ու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները»,-Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է այժմ անազատության մեջ գտնվող ՆԳ-ի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին:
Հարցին` ինչպես է նայում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տրոհմանը, Մերաբիշվիլին ասել է, որ իր նպատակն այս երկու ուժերը վերամիավորելն է` հանուն ընդհանուր նպատակի: Մոտ 10 տարի իշխանության եղած քաղաքական ուժի երբեմնի ազդեցիկ գործիչը, որը նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի մոտ զինակիցն էր, ասել է, որ ցավով է տեսնում, որ իր ընկերները այսօր տարբեր կուսակցություններում են:
«Ես կարծում եմ, որ այս երկու ուժերը ինչ-որ փուլում ընդհանուր լեզու կգտնեն` պայքարելու ընդհանուր նպատակի համար: Այդ պատճառով իմ այս վիճակում նույնիսկ ընտրությունների մասին չեմ մտածում, քանի որ ես նրանց բոլորին ընդունում եմ որպես իմ կուսակից ընկերներ»,- հայտարարել է Մերաբիշվիլին։