Հոկտեմբերի 11-13-ը Թբիլիսիի Ֆաբրիկա հյուրանոցում՝ «Հայաստանի առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության (Հայաստան) և «Ստեղծագործական զարգացման կենտրոնի» (Վրաստան) նախաձեռնությամբ, տեղի է ունենում Արևելյան գործընկերության շրջանակներում գիտաժողով «Երիտասարդների ներգրավումը և երիտասարդության մասնակցությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում. Արևելյան գործընկերության և ԵՄ-ում փորձի փոխանակում» թեմայով:
Գիտաժողովի կազմակերպիչներից «Ստեղծագործական զարգացման կենտրոնի» ներկայացուցիչ Թամար Մամադաշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց, որ հանդիպման առաջին օրը շատ լավ է անցել, հյուրերին ծանոթացրել են քաղաքին՝ ստեղծելով ընկերական միջավայր:
Սպասումները շատ են, և ըստ կազմակերպիչների՝ արդեն իսկ կան արդյունքներ:
«Հայաստանի առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանն «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է գաղափարի և հետագա զարգացումների մասին, ընդգծում երիտասարդների ակտիվ մասնակցությունը: Համաժողովի ընթացքում քննարկումներ կլինեն կրթական, քաղաքական, ինչպես նաև քաղաքացիական թեմաներով, կկազմվեն աշխատանքային խմբեր:
«Շատ կարևոր եմ համարում նման համաժողովները, որոնք կարողանում են մեկ տեղում հավաքել տարբեր երկրներից երիտասարդների, հատկապես Արևելյան գործընկերների երկրների: Մենք ունեցել ենք նման խնդիրներ և կարևոր է մեր երկրների փորձի փոխանակումը», — նշում է Գրիգոր Երիցյանը:
Ըստ Երիցյանի, կարևոր փաստ է, որ հյուրերի և մասնակիցների թվում են ոչ միայն ՀԿ-ների ներկայացուցիչներ, այլ նաև նախարարությունների ներկայացուցիչներ: Նման ձևով որոշում կայացնողների հետ կապն ավելի հասանելի կլինի:
Ծրագրին մասնակցում են ինչպես Արևելյան գործընկերության երկրները, այնպես էլ Եվրամիության անդամ երկրներ:
«Կոնֆերանսի կազմից արդեն իսկ զգացվում է, որ շատ հետաքրքիր է լինելու: Սպասումները շատ են, քանի որ Ուկրաինան դեռ հետ է ինչպես կրթության, այնպես էլ քաղաքական զարգացումների առումով», — ասում է համաժողովի Ուկրաինայի մասնակիցը:
Նրա կարծիքով, մեր ժամանակներում հենց երիտասարդությունն է ղեկավարում երկիրը՝ ցուցումներ տալիս նույնիսկ ծնողներին: Հենց այդ պատճառով էլ նման համաժողովները շատ կարևոր են տարածաշրջանի, Արևելյան գործընկերության և Եվրամիության երկրների համար: