Վրաստանյան մամուլը այսօր առավելապես խոսեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հայտարարության մասին: Հիշեցնենք` նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր ընտանիքի անդամներից մեկի վրա ճնշում են գործադրվել: «News.ge»-ն փոխանցում է, որ Մարգվելաշվիլին խնդրի առընչությամբ պատրաստ է հանդիպել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլիի հետ, որպեսզի պատասխան գտնեն «այն վտանգավոր միտումների, որոնք տեղի են ունենում մեր քաղաքական կյանքում»: Մարգվելաշվիլին տեղեկացրել է, որ ճնշումը տեղի է ունեցել իրավապահ մարմինների մասնակցությամբ:
Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գլխավոր քարտուղար Ալեքսի Պետրիաշվիլին անդրադառնալով նախագահի հայտարարությանը, կոչ է արել մտածել այս ուղղությամբ: «Այս փաստը շատ մտահոգիչ է: Կառավարությունը պետք է քաղաքական կամք դրսևորի, որ իրավապահ մարմինները պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա: Երբ այս թեմայի շուրջ խոսում է Սահմանադրական դատարանի ղեկավարը, երկրի գերագույն հրամանատարը և ընդդիմությունը, ուրեմն, ըստ էության լուրջ պետական սկանդալի հետ գործ ունենք»,-հայտարարել է Պետրիաշվիլին, հույս հայտնելով, որ վարչապետը հարցին կարձագանքի և կոնկրետ մարդիկ պատասխանատվության կենթարկեն:
«Frontnews» պարբերականը ավելի ուշ հրապարակեց նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ ասվում է, որ հարցի շուրջ ՆԳՆ-ը պարզբանումներ է անում` հաշվի առնելով հանրության շրջանում առաջացած մեծ հետաքրքրությունը: Նրանում մասնավորապես ասվում է, որ նախագահը օրեր առաջ վարչապետ Կվիրիկաշվիլիին տեղեկություններ է տվել իր ընտանիքի անդամներից մեկին խուզարկելու վերաբերյալ:
ՆԳՆ-ը տարածած հայտարարության մեջ նշվում է, որ երկրի նախագահը հավանաբար նկատի ունի նախարարության կենտրոնական քրեական վարչությունում ՔՕ-ի 236-րդ հոդվածի երրորդ և չորրորդ կետերով (ապօրինի կերպով զենքի ձեռք բերում և պահպանում) ընթացող հետաքննությունը: Ըստ ՆԳՆ-ի, 2016 թ. հունիսի 26-ին Թբիլիսիում 3 մարդ է խուզարկման ենթարկվել, որոնցից երկուսի մոտ ապօրինի ոչինչ չի եղել, իսկ մեկի մոտ իրավապահ մարմինները սառը զենք են հայտնաբերել: Խուզարկման ենթարկվածների թվում է եղել նախագահ կնոջ աղջկա ամուսինը:
Վրաստանի ՆԳՆ-ը տարածած հայտարարության մեջ, սակայն չի նշում, թե արդյոք նախագահի փեսայի մոտ է հայտնաբերվել սառը զենքը, թե ոչ: Նախարարությունը հավաստիացրել է, որ հետաքննությունը իրականացվել է օրենքի տարրին համահունչ, քաղաքացիների իրավունքները ամբողջովին պաշտպանված են եղել:
Վրացալեզու պարբերականները ակտիվորեն լուսաբանեցին նաև Վրաստանի դատախազության ծախսերի վերաբերյալ «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի»` IDFI-ի կողմից հրապարակած զեկույցը: Թեմային անդրադարձել է «Netgazeti.ge»-ն: Պարբերականի փոխանցմամբ, վերլուծության համաձայն՝ 2012 թվականից հետո դատախազությունում աշխատողների թվի աճի հետ միասին զգալիորեն աճել են նաև վարչական ծախսերը: Սակայն դատախազության աշխատակիցների վարձատրության ծախսերը զգալիորեն գերազանցում են զբաղվածության աճի տեմպերը: IDFI-ի զեկույցի համաձայն, 2011 թ. դեկտեմբերի 31-ից 2015թ.-ի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահավածում դատախազության աշխատակիցների թվաքանակը աճել է 27,8%-ով, իսկ 2015թ.-ի վարձատրության ծախսեր 2012-ի հետ համեմատ աճել է 69,1%-ով:
Հասարակական կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ մինչ 2014 թ. դատախազության աշխատակիցները որպես փոխհատուցում ստացել են միայն պարգևավճարներ, իսկ 2014 թվականից հետո՝ նաև հավելյալ աշխատավարձ: Այն կազմել է 3 960 116 լարի, իսկ բոնուսները և պարգևավճարները միասին 10 243 695 լարի:
IDFI-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի աշխատավարձը 2015 թ. կազմել է 113.070 լարի, որեղից 70.440 լարին բոնուսներ և հավելավճար է: Միևնույն ժամանակ նրա տեղակալ Գիորգի Գաբիտաշվիլիի տարեկան աշխատավարձը կազմել է 138.615 լարի՝ 97.815 բոնուսներ և հավելավճար: Միևնույն կազմակերպության փոխանցմամբ՝ 2013 թ. դատախախզությունը նոր ավտոմեքենաներ գնելու համար ծախսել է 1.599.089 լարի, 2014 թվականին` 199.177, 2015-ին՝ 162.692 լարի, իսկ 2011-2012 թթ. ավտոմեքենաների ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն արձանագրված չէ: