Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Շալվա Նաթելաշվիլին անդրադարձել է Ռուսթավի 2 հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա տեղի ունեցած հարձակմանը:
Ըստ նրա, չինական ընկերությանը, որի ներկայացուցիչները փորձ են արել ազատ խոսքը սահմանափակել, Վրաստան է բերել նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Նաթելաշվիլին խոստացել է՝ հաղթանակի դեպքում Վրաստանից կվտարի այդ ընկերությանը:
«Ռուսական բռնազավթմանն ու արաբա-իրանական էքսպանսիային ավելացել է նաև չինական բռնատիրությունը, բռնությունը, ինչի ապացույցը նաև Խարագաուլիի շրջանում երեկ Ռուսթավի 2-ի լրագրողների վրա իրականացված հարձակումն է: Նշված ընկերությանը Վրաստան է բերել Իվանիշվիլի-Բախտաձե-Սագանելիձե խմբավորումը՝ միլիոններ աշխատելու համար: Մեր բնությունը ոչնչացնողների կողմից արդեն մի քանի անգամ իրականացված հարձակումների ընթացքում մարդիկ են վիրավորվել ու մահացել, սակայն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին: