Լրագրողներին ծեծի ենթարկելու մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ Ռուսթավի 2 հեռուստաընկերության լրագրողների հանդեպ բռնություն կիրառելու և մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել:

Հետաքննությունն ընթանում է բռնություն կիրառելու և լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մեղադրանքով:

Ռուսթավի 2-ի փոխանցմամբ, «Չինաստանի երկաթգծի 23-րդ բյուրո – Վրաստան» կազմակերպության ներկայացուցիչները երկաթգծի շինարարության խախտումների մասին նյութի վրա աշխատելիս ծեծի են ենթարկել լրագրող Էկա Գագուային և օպերատոր Լևան Կալանդիային: Նկարահանման ժամանակ կազմակերպության ներկայացուցիչները հափշտակել են տեսախցիկը և փորձել ջնջել խախտումների մասին տեսագրությունները:

Կազմակերպության տարածած հայտարարությունում ասվում է, թե առճակատումը սկսել է այն բանից հետո, երբ նկարահանող խումբը շինարարական տարածք է մուտք գործել առանց թույլտվության:

Ըստ հեռուստաընկերության, սա առաջին դեպքը չէ, երբ նշված կազմակերպության աշխատակիցները դիմում են բռնի ուժի: 2 տարի առաջ՝ 2016-ի նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը նույն կազմակերպության աշխատակիցները ծեծի են ենթարկել բանվորներին, 7 անձ տեղափոխվել էր հիվանդանոց: