Այսօրվանից մեկնարկում է վրացերեն լեզվի «1+4» ծրագրից օգտվող ուսանողների ստաժավորման ծրագրի աշնանային փուլը: Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարությունից հայտնում են, որ 2018-ի աշնանային ընդունելության համար 500 թափուր տեղ է սահմանված:
Գերատեսչության տեղեկատվությամբ, ծրագիրն իրականացվում է 2017-ից՝ պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի նախաձեռնությամբ: «1+4» ծրագրով վրաստանյան բուհերում սովորող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիները հնարավորություն են ստանում ստաժավորում անցնել երկրի պետհաստատություններում (կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմիններում):
Նշվում է, որ ստաժավորման գործընթացն անցնելու է մրցույթային կարգով: Դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 22-ը։ Հետաքրքրվող անձինք մանրամասն տեղեկությունների համար կարող են այցելել Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարության կայք էջ: