Թբիլիսիում ՀՀ դեսպանատանը վիրահայերը հրաժեշտ տվեցին Շառլ Ազնավուրին. լուսանկարներ, տեսանյութ

Վրաստանում ՀՀ դեսպանատանը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին բացված սգո մատյանում իրենց սրտի խոսքը գրեցին վիրահայ համայնքի ներկայացուցիչները, այնուհետև մոմավառությամբ հարգեցին մեծ հայորդու հիշատակը:
Ազնավուրի հայտնի ու սիրված երգերի ներքո Թբիլիսիում նույնպես վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար հային:

«Ինչքան էլ դրական մակդիրներ օգտագործենք հայ ժողովրդի մեծ զավակ Շառլ Ազնավուրի հասցեին, միևնույնն է, քիչ է, քանի որ նրա դերը անմոռանալի է ոչ միայն համաշխարհային երգարվեստի պատմության մեջ, այլև Հայաստան պետության կայացման, կերտման գործում: Պետք չէ մոռանալ 1988-ի երկրաշարժից հետո նրա կատարած ահռելի աշխատանքը: Այն հանրայնացումը, որ նա կատարեց այդ ժամանակ, դրանից հետո շատերը օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին: Իրապես ճշգրիտ գնահատական էր, որ նա դարձավ Հայաստանի ազգային հերոս»,- մեզ հետ զրույցում նշեց Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը:

Հիշեցնենք՝ այսօր Փարիզում տեղի ունեցավ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Աշխարհահռչակ երաժիշտն իր մահկանացուն կնքեց հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկանում։

 

 

 

Լուսանկարները՝ Աննա Թանդարյանի