Աբխազիայից փախստական Զաուր Գուրչիանին 2 ամսյա կալանքից հետո ազատ է արձակվել Սուխումիի մեկուսարանից:
Զաուր Գուրչիանիին Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի իրավապահները ձերբակալել են այսպես կոչված սահմանը հատելու համար:
«Զաուր Գուրչիանիի ձերբակալման մասին իր ընտանիքի անդամները տեղեկացրել են վարչապետի տարածաշրջանային հարցերով խորհրդական Սոզար Սուբարիին և նամակով դիմել վարչապետին: Վերջինիս պահանջով, Զաուր Գուրչիանիի ազատ արձակելու նպատակով, կառավարական համապատասխան բոլոր գերատեսչությունները բանակցություններ են վարել: Գուրչիանին Վրաստանից բռնազավթված Աբխազիայի տարածքից հեռացել է երեկ գիշերը և վերադարձել իր ընտանիքի մոտ: Ընտանիքի անդամների խոսքերով, Գուրչիանին չի ենթարկվել ֆիզիկական ճնշումների, չնայած ծանր հոգեբանական վիճակում է»,- հայտարարել են Վրաստանի վարչապետի տարածաշրջանային հարցերով խորհրդականի գրասենյակից:
Գուրչիանիի ընտանիքը բնակվել է Սուխումիում: Պատերազմի ժամանակ նրանց տունը վառվել է, ընտանիքը տեղափոխվել է Ճուբերի գյուղ, որտեղ ապրում են մինչ օրս, իսկ բարեկամները բնակվում են Աբխազիայի Աժարա գյուղում: Գուրչիանին պարբերաբար այցելել է այս գյուղ, ինչպես ինքն է ասում, տեսակցելու բարեկամներին: