«2008-ին ռուսական զորքը Վրաստան հասավ Սաակաշվիլիի պատճառով»,-իշխող «Վրացական երազանք»-ի անդամների հետ հանդիպմանն ասել է կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլին։
Նա նշել է, որ «դավաճանները փորձում են այսօր դավաճան հանել Սալոմե Զուրաբիշվիլիին»: Ասել է Իվանիշվիլին՝ նկատի ունենալով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Իվանիշվիլիի խոսքով, նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում առաջիկա ընտրություններում սատարում է «Վրացական երազանք»-ը, մեծ դերակատարություն է ունեցել Վրաստանից ռուսական ռազմաբազաների դուրս բերման հարցում։
«Զուրաբիշվիլիի ջանքերով ռուսական ռազմաբազաները դուրս բերվեցի, սակայն, 2008-ին Սաակաշվիլին նրանց դարձյալ Վրաստան հրավիրեց»,-ասել է Իվանիշվիլին:
Նա նշել է նաև, որ 2008-ին «Միացյալ ազգային շարժման» դիրքորոշման պատճառով Վրաստանը կորցրեց իր տարածքի 20 տոկոսը: «Հիշեք, թե ինչպես էին լքված վիրավոր զինվորները: Ամենամեծ մեղքը, որ գործել են իրենք, այժմ փորձում են մեր վզին փաթաթել։ Փորձում են մեղադրել Սալոմե Զուրաբիշվիլիին»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Հավելենք, որ այս օրերին Միխեիլ Սաակաշվիլին և Սալոմե Զուրաբիշվիլիին միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում։ Զուրաբիշվիլին ավելի վաղ 2008-ի ռուս-վրացական պատերազմը սկսելու մեջ մեղադրել էր Սաակաշվիլին։