1990թ. հուլիսի 21-ին կյանքից հեռացավ թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր, բեմադրիչ Սերգեյ Փարաջանովը: 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում: Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որը սակայն անավարտ մնաց: Նա կյանքից հեռացավ` չհասցնելով իրականություն դարձնել իր բազմաթիվ մտահաղացումներ: Կյանքի վերջին օրերին, Թբիլիսիի իր տանը անկողնում գամված էր, երբ որոշեց տեղափոխել Հայաստան: Վիրահայոց թեմի խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, ով ծանոթ է եղել Փարաջանովին եւ բազմաթիվ հարցազրույցներ է արել նրա հետ, նկարագրել է ռեժիսորի հետ Թբիլիսիում վերջին հրաժեշտը. «Ես վերջին ուղեկցողներից մեկն էի: Երկաթգծի կայարանում մի կողմից Զավեն Խաչատրյանն էր թևանցուկ արել նրան, մյուս կողմից նրա` ազգությամբ քուրդ հարևանը, ով նկարահանվել է ֆիլմերից մեկում: Ես արդեն հասկանում էի, որ այլևս Սերգեյին չենք տեսնի»:
Իսկապես Սերգեյ Փարաջանովի անունը շարունակվում է ընդգրկվել բոլոր ժամանակների 100 լավագույն ռեժիսորների շարքում: Իսկ Փարիզի ազդեցիկ «Le Figaro» օրաթերթը Փարաջանովին անվանել է գերհանճար` համարելով նրան մեր ժամանակի ամենահանճարեղ բեմադրիչ: Փարաջանովի ֆիլմերը համաշխարհային ճանաչման են արժանացել: Նրա` «Մոռացված նախնիների ստվերները» (1964թ.) դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքին: Նրա գլուխգործոցը, սակայն, կարելի է համարել «Նռան գույնը» (1968թ.), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին: Այս երկու ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննության: Փարաջանովը երկար տարիներ բանտերում անցկացրեց` զրկվելով նոր ֆիլմեր նկարելու հնարավորությունից: Սակայն նույնիսկ երբ ազատության մեջ էր, նրա գործերը շարունակվում էին արգելված լինել:
Վրաց հայտնի կինոռեժիսոր Էլդար Շենգելայան, ով Փարաջանովին համարում է իր ուսուցիչը, հետաքրիր մի դեպք է պատմել. «Հիշում եմ` Փարաջանովին չէին թույլատրում նկարհանումներ անել: Բայց ես, որ այդ ժամանակ Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղարն էի, որոշել էի կազմակերպել նրա գործերի ցուցահանդեսը: Պատրաստվում էինք, երբ ՊԱԿ-ից եկան նկատողություն արեցին, բայց ամեն դեպքում թույլատրեցին` զգուշացնելով, որ ցուցահանդեսի օրը ներկա կլինեն: Իսկ Փարաջանովը ցուցահանդեսին ներկայացրեց մի կոլաժ` «Լենինը աջից ու ձախից». աղբից էր այդպիսի հրաշք արարել: ՊԱԿ-ից եկան ուսումնասիրելու ցուցադրված գործերը, բայց երբ տեսան «Լենինի կոլաժը», ասացին, որ ամեն ինչ կարգին է ու հեռացան»:
Փարաջանովի անունը հայտնի է ոչ միայն որպես հայտնի կինոռեժիսոր, այլեւ պարզապես լավ մարդ եւ հարեւան: Այս տարի, մեծանուն ռեժիսորի մահվան օրը, Ալիք մեդիան այցելեց Փարաջանովի` Թբիլիսիում գտնվող բնակարանը, որը նրա որդու կողմից 1995 թվականին վաճառվել է Կղիփիանիի փողոցում բնակվող Գուրամ Չիչուային: Նա ասում է, որ չնայած անձամբ մտերիմ չի եղել Փարաջանովի հետ, սակայն բոլիրին է հայտնի նրա բարի համբավը. «Ով չգիտի Փարաջանովին, նա իսկապես լավ եւ դրական մարդ էր: Այս տունը գնել եմ Ուկրաինայում բնակվող նրա որդուց: Փարաջանովն Իր հնարավորությունների չափ հյուրասիրում էր հարեւաններին, միշտ օգնում նրանց: Ապրում էր սովորական կյանքով, ինչպես մնացածները»:
Գուրամ Չիչուան հետաքրքիր պատմություններ է վերհիշում Փարաջանովի կլյանքից: «Այն ժամանակ` գիտեք, շատ թանկ էր կարագը: Հիշում եմ, որ նա հաճախ կարագ էր բերում եւ անվճար բաժանում հարեւաններին: Շատ էր սիրում ջինսեր, մեր հարեւաններից շատերն են պահում Փարաջանովի նվիրած ջինսերը»:
Ցույց տալով մեզ 2014 թվականին Փարաջանովի մասին թբիլիսահայ հայտնի ֆոտոնկարիչ Յուրի Մեչիտովի տպագրված ալբոմն ասում է` Փարաջանովն ընկերական հարաբերություններ ուներ Մեչիտովի հետ: «Իրականում նրան ոչ ոք լավ չի ճանաչում. նա աննորմալ մարդ էր և դրանում էր նրա հանճարը»: Այսպես է բնութագրում լուսանկարչության իր առաջին ուսուցչին թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը: Վերջինս «Ալիքի» հետ զրույցում մի առիթով ասել է. «Սերգեյը պաշտում էր լուսանկարվել, ասում էր` Յուրա՛, նկարի՛ր, շատ առաջ կգնաս: Ես հասկացա, որ իսկապես առաջ եմ գնացել, հենց նրա շնորհիվ երկու անգամ եղել եմ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լոնդոնում»:
Չիչուաներն իրենց տանը պատվով են պահում Փարաջանովի ժամանակվանից մնացած իրերը, իսկ տան նախկին ձեղնահարկը վերակառուցել ու հյուրանոցի են վերածել: «Այս հյուրանոցը որոշեցինք անվանել «Փարաջանով»: Այս հյուրանոցում է կանգ առել Հայաստանից ժամանած Երեւանի փարաջանովի թանգարանի տնօրենը, օթեւանել ենք բազմաթիվ հայերի ոչ միայն Հայաստանից, այլեւ աշխարհի տարբեր անկյուններից: Հյուրանոցում կա 5 սենյակ: Երբ հարեւաններն իմացան հյուրանոցի բացման մասին, նրա նվիրած նկարներից երկուսը նվիրեցին հյուրանոցին: Այս նկարը կոչվում է «Ջին Չայ», այսինք թեյնիկից ջինն է հայտնվում, իսկ սա Սերգեյ Փարաջանովի ձեռքի ափն է, տեսնում եք ինչ մեծ ձեռքեր է ունեցել, այս կտավի վրա նաեւ տեսնում եք մեկ լարիանոցներ, դե գիտեք, սա Փարաջանովի ոճն է… »
1986 թվականին կտավների ետեւի կողմում Փարաջանովի ստորագրությունն է եւ մեծ տառերով արված գրությունը, որ տարիների ընթացքում կիսով չափ ջնջվել եւ անընթեռնելի է դարձել: Նկարներից բացի Չիչուան պահել է եւս մեկ կարեւոր իր. «Նաեւ տան ձեղնահարկում էր պահպանվել նրա օրորոցը, որ շատ հայտնի է նրա ֆիլմերից եւ ինչպես մեզ է հայտնի, դա հենց Փարաջանովի օրորոցն է: Այս օրորոցի լուսանկարը կա նաեւ Մեչիտովի կողմից հրատարակած ալբոմում: Ձեղնահարկում գտել ենք նաեւ Փարաջանովի ձեռքով պատրաստած հրաձգային սվին, կերամիկայից պատրաստված իրեր» — ասում է Չիչուան` հպարտությամբ ցույց տալով Փարաջանովի ձեռքի մի քանի աշխատանք:
«Ես հայ եմ, ապրում եմ Թիֆլիսում, մեղադրվում եմ ուկրաինական նացիոնալիզմի մեջ,- մի առիթով ով ես դու հարցին պատասխանել էր Փարաջանովը, ավելացնելով` ուր էլ, որ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարում, եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր»:
Լիզա Թորոսյան
Գիտա Էլիբեկյան