«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը Ախալքալաքի թիվ 40 ընտրատարածքի հանձնաժողովի ղեկավար Հասմիկ Մարանգոզյանին մեղադրում է դաշինքի ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական և բանավոր բռնություն ցուցաբերելու մեջ:
Այս մասին հայտարարել է «Ուժը միասնության մեջ է» դաշինքի կազմում գտնվող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի անդամ Լևան Բեժաշվիլին։ Նրա խոսքով, Հասմիկ Մարանգոզյանը բանավոր և ֆիզիկական վիրավորանք է պատճառել դաշինքի ներկայացուցիչներ Թեոնա Ճալիձեին և Արթուր Մկոյանին։
«Չգիտես ինչու են իշխանություններն այս շրջանը ընկալում որպես ընտրական քսակ, որն այստեղ կարող են լցնել կեղծիքով, ուժի կիրառմամբ և հատուկ ծառայությունների օգնությամբ: Այդ պատճառով մենք հատուկ ուշադրություն կդարձնենք Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքների հանձնաժողովների գործունեությանը․ հենց այդ պատճառով այնտեղ ենք ուղարկել այնպիսի պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր կդիմակայեն ծրագրված ընտրակեղծիքներին, որը իշխանությունները պատրաստվում են գործի դնել Ջավախեթիի շրջանում»,- հայտարարել է Բեժաշվիլին:
Ընդդիմադիր դաշինքի անդամների խոսքով, Հասմիկ Մարանգոզյանը առանձնահատուկ ագրեսիվ է իրեն դրսևորել:
Թեոնա Ճիլաձեի խոսքով, միջադեպից հետո դիմել է ոստիկանություն, որից հետո տեղափոխվել է Ախալքալաքի բաժանմունք:
«Ուժը միասնության մեջ է» դաշինքի անդամները դեպքի առնչությամբ ԿԸՀ-ից պահանջում են հրատապ արձագանք: