«Ինձ համար մեծ պատիվ է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի այս ամբիոնից դիմել իմ մայրենի լեզվով՝ վրացերենով, որը համաշխարհային քաղաքակրթության հնագույն և անբաժանելի մասն է»,- այս խոսքերով է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթը սկսել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Կառավարության ղեկավարը ելույթ ունենալով սեպտեմբերի 27-ին, ասել է․ «Այսօր սեպտեմբերի 27-ն է՝ շատ ծանր և ցավալի ամսաթիվ իմ երկրի համար: 25 տարի առաջ հենց այս օր սկսվեց Վրաստանի պատմական տարածքի օկուպացիան, որը ծանր մարտահրավեր դարձավ Վրաստանի նոր վերականգնված պետականության համար»:
Բախտաձեն իր ելույթում անդրադարձել է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում և Հարավային Օսիայում առկա իրավիճակին՝ հումանիտար աղետ որակելով տեղի ունեցողը: Իր եզրափակիչ խոսքում Վրաստանի կառավարության ղեկավարը Ռուսաստանին կոչ է արել կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած բոլոր պարտականությունները, դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքներից: