Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնը Երևանի տիկնիկային թատրոնի բեմում․ լուսանկարներ

Երևանում Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ «Թումանյանական հեքիաթի օրեր» տիկնիկային թատրոնների 13-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հինգշաբթի՝ սեպտեմբերի 27-ին Երևանի Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում հանդես եկավ Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնը։

Այս տարվա փետրվարին Հովհ․ Թումանյանի Թբիլիսիի տանը հիմնված թատրոնին էր վստահվել փառատոնի բացումը՝ մեծն լոռեցու ծննդավայր Դսեղ գյուղում, սակայն երևանյան հանդիսատեսին առաջին անգամ էին ներկայանում։

Ռեժիսոր, դերասան Աշոտ Սիմոնյանի հետաքրքիր լուծումներով ու յուրօրինակ բեմադրությամբ «Շունն ու կատուն» և «Բարեկենդան» հեքիաթները սիրով ունկնդրեցին ոչ միայն մանուկներն այլ նաև մեծերը։ Տիկնիկային թատրոնի դահլիճը լի էր հանդիսատեսներով։ Հատուկ հյուրեր էին Երևանի Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները։

8-ամյա Հարությունը հատկապես հավանել էր «Շունն ու կատու» ներկայացումը, հերոսներից՝ կատվին։

«Ծիծաղելի էր, հատկապես երբ կատուն իր կնոջ հետ պարում էր», — ժպտալով ասում է տղան ու հավելում, թե կարճ տևեց, կուզեր մի ներկայացում էլ դիտել։

Ներկայացումներից տպավորված են նաև Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնի հիմնադիրները։

«Մեր նորաստեղծ տիկնիկային թատրոնն իր առաջին պատասխանատու և լուրջ քայլերն է անում դեպի մեծ բեմ, դեպի մեծ ասպարեզ։ Թումանյանը եկավ ու իր հետ բերեց հեքիաթներ բոլորիս համար, իսկ մենք եկանք Թումանյանի աշխարհից ու մի կտոր հեքիաթ բերեցինք թումանյանոտ։ Ունենք նոր ծրագրեր, նոր ներկայացումներ կլինեն», — «Ալիք մեդիային» ասում է թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ևս մեկ ներկայացում էլ խաղալու են Հովհ․ Թումանյանի թանգարանում։